Հայաստանը 8 մլն եվրոյի վարկ կներգրավի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տեխնիկական զինման համար: Այդ միջոցներով նախատեսվում է մինչեւ 2013 թվականի հունվարը համերգասրահները զինել նոր ակուստիկ եւ ձայնային համակարգերով: Այդ մասին, «Արմինֆոյի» մատուցմամբ, երեկ կառավարությունում նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա ասելով, ելույթների կազմակերպումն այդ համերգասրահներում առնչվում է մեծ տեխնիկական խնդրի, քանի որ դրանք կառուցվել են տասնյակ տարիներ առաջ եւ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Հաճախ հարկ է լինում վարձակալել արտասահմանյան տեխնիկա, ինչն աննպատակահարմար է: Սարքավորումը ձեռք կբերվի ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG, SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH եւ Electronic Theatre Controls GmbH եւ Artstech կոնսորցիումից: Վարկերը կներգրավվեն Ավստրիայի արտահանման գործակալությունից, Ավստրիայի ֆինանսների նախարարությունից եւ ավստրիական Raiffeisen բանկից:
«Առավոտ» օրաթերթ