ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ են այցելել եւ ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանին են հանդիպել 3 դատախազներ: «Առավոտի» հարցին, թե հայտարարությունն արվե՞ց, ցմահ ազատազրկվածը պատասխանեց. «Ես խոստացել եմ դարի հայտարարություն անել: Հանդիպման ժամանակ ասել եմ, թե ինչի մասին է եւ ինչ եմ ուզում անել: Իմ հայտարարությունն ուժի մեջ է եւ այն կանեմ ցանկացած պահի: Կարող եմ ասել, որ ես քավության նոխազ եմ եւ մինչ օրս լռել եմ, քանի որ ամոթ էր մեր պետության համար: Ես երբեք սպանության մասնակից չեմ եղել եւ «բեսպրեդել» է եղել իմ քրեական գործով: Թեման լուրջ է, եւ ես «զինադադար» եմ կնքել այս փուլում»: Տեր-Սահակյանը ՀՀ նախագահին իր երկրորդ նամակն էր ուղարկել, որից տեղյակ չէր. հանձնե՞լ են նախագահին, թե՞ ոչ:
«Առավոտ» օրաթերթ