ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, երեկ լսեց եւ ավարտեց պայմանագրային զինծառայող Սամվել Ավագյանի դեմ հարուցված քրեական գործով նրա եւ պաշտպանի վերաքննիչ բողոքների քննությունը:
Նախագահողը հրապարակեց այս տարվա մարտի 5-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի եզրափակիչ մասը, համաձայն որի՝ արագացված դատաքննությամբ Սամվել Ավագյանը 3 ամիս կպահվի կարգապահական գումարտակում:
Ս. Ավագյանը եղել է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի գազաէլեկտրաեռակցողը: Անցյալ տարվա դեկտեմբերին նա հրաժարվել է փաստացի կատարել իր աշխատանքը՝ լինելով օրապահը:
Մեղադրանքը պաշտպանող Հրաչյա Այվազյանը դատարանին ներկայացրեց զինվորական դատախազի կողմից տրված լիազորագիրը:
Կարդացեք նաև
Երբ ճշտվում էր ամբաստանյալի ինքնությունը, պարզվեց՝ նա Ստեփանակերտից է, 8-ամյա կրթությամբ եւ ունի մինչեւ 4 տարեկան 3 երեխա:
Ողջ նիստին հուզված հետեւում էր ամբաստանյալի մայրը, որն անգամ զգուշացվեց դատարանի կողմից, այն բանի համար, երբ տեղից բարձրաձայնեց՝ «Երեք խոխեքին ով պիտի պահի»: Ավագյանի պաշտպան Ազատ Ավագիմյանը խնդրում էր ՀՀ վերաքննիչ դատարանից պայմանականորեն չկիրառել պատիժը: Պաշտպանը գտնում էր, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից պատճառաբանված չէ դատավճիռը:
Մեղադրող Հրաչյա Այվազյանն էլ պնդեց հակառակը, որ դատավճիռը հիմնավոր է, որ պատիժը «բավականին մեղմ է»:
Ի դեպ, նկատենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պատասխանատվության հիմք էր համարել «Սոցիալ-ժողովրդագրական հատկությունների գնահատականը»:
Պաշտպանը ներկայացնելով Ս. Ավագյանին՝ հավելեց, որ ամբաստանյալը հանցավոր կապեր չունի, վատառողջ է եւ աշխատանքից հրաժարվել է հենց վատառողջ լինելու պատճառով:
Այլ միջնորդություններ չեղան եւ դատարանը անցավ խորհրդակցական սենյակ:
ՀՀ քրեական եւ զինվորական գրծերով վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ