Երեկ, ապրիլի 19-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության (ՔԳՎ) Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) քննության բաժնի և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեք օր առաջ Նալբանդյան 104 շենքի դիմաց 3 քաղաքացու վրաերթ կատարած վարորդին։
Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 16-ին, ժամը 13.50-ի սահմաններում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան 104 (Ազգային անվտանգության ծառայության) շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ԱԱԾ քննչական վարչության քննիչներ՝ կապիտան, Երևանի Բագրատունյաց փողոցի բնակիչ 29-ամյա Սամվել Տավարացյանին, Էջմիածնի բնակիչ, կապիտան, 28–ամյա Կարեն Հովհաննիսյանին և Երևանի, Կորյունի 11 շենքի բնակիչ ավագ–լեյտենանտ 24-ամյա Վլադիմիր Հարությունյանին։
Վրաերթից հետո «Տոյոտա Պրադոյի» վարորդը, վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, լքել էր դեպքի վայրը։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում Ոստիկանույթունը պարզում է, որ նշված «Տոյոտա Պրադոն» եղել է 531 ԼԼ 11 համարանիշներով, որը պատկանում է «Կոմսար» ՍՊԸ–ին, և վրաերթը կատարել է Շենգավիթ բժշկական կենտրոնի ադմինիստրատոր 24-ամյա Էվելինա Մանվելյանը։
Ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ։ Փաստի առթիվ Ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ ՃՏՀ քննության բաժնում քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկված ԱԱԾ քննիչների կյանքին վտանգ չի սպառնում։