Լրահոս
Օրվա լրահոսը

Անտիարիստոտել

Ապրիլ 20,2012 13:35

Մարդկության չարությունը եւ չարակամությունը իրար դեմ, անձնապաշտությունը, ստախոսությունն ընդդեմ եւ հանուն՝ բանավոր եւ գրավոր հրապարակային ելույթներում, թերեւս նրանից է, որ Ադամն ու Եվան մանկություն չունեցան: Աստված առաջին տղամարդուն եւ առաջին կնոջը ստեղծեց հասուն տարիքում, մեր ժամանակներում կասեին՝ սեռահասուն տարիքում, այսինքն թե՝ մեղքի խնձորը կծելու ժամանակներում:

Եվ հիմա մենք՝ մեղքի խնձորը ճաշակածների զավակներս, շարունակում ենք ընթանալ նույն մեղսալի ճանապարհով: Ու մեր բնազդական, գրեթե չգիտակցված երթի առաջ ոչ մի նշանակություն չունի, թե ո՞վ է քո դիմաց՝ հին ընկե՞րդ, հարեւա՞նդ, թե՞ Հայրենիքդ: Մենք, միեւնույն է, պատրաստ ենք դավել հանուն մեզ, հանուն մեր փառքի եւ ունեցվածքի մեր հանուն: Այսինքն թե՝ ընդդեմ ընկերոջդ, ընդդեմ հարեւանիդ, ընդդեմ Հայրենիքիդ:

Եվ ապրիլ ամսվա նախընտրական քարոզարշավի զարմանալի տրտմության մեջ, ուր բոլորը խոստանում են փրկել հայրենիքը, նույնիսկ մեկը կարող է հայտարարել, որ ինքը հինգ րոպեում կարող է վերափոխել երկիրը՝ վստահ, որ լսողները իրեն կհավատան եւ ձեռքերի վրա կբերեն իշխանության, բայց ո՞ւմ երկրի եւ ի՞նչ իշխանության, երբ երկիրն ու պետությունը կայացած են արդեն:

Եվ լսելով նրանց՝ դարձյալ ու կրկին իմ դեմ կանգնում է Զվարթնոցի ավերակ պատկերը: Ու հասկանում եմ, որ նրանք՝ հինգ րոպեում երկիրը վերափոխողները, ավերակ Զվարթնոցն ավելի են սիրում, քան կանգուն տաճարները, քանզի ավերակը եղերերգ է պահանջում, իսկ կանգուն տաճարը՝ գովեստ, ինչին ոչ մի կերպ ընդունակ չեն նրանք՝ մի անձի կուսակցության քարոզիչները, ովքեր համառորեն ուզում են տեղ հասնել…

Մանկությանս տարիներին ինձ միշտ թվում էր, որ ես ավելի բոյով եմ, քան իրականում կամ, քանի որ կարողանում էի հաճախ ինձ վերեւից նայել, այսինքն թե՝ մարդու խոսքն ու հոգին ավելի բարձր պիտի լինեն, քան ինքը կա: Եվ ինձ թվում է, որ այդ զգացողությունն է մարդուն եւ մարդկությանը ուղեկցում-տանում առաջ ու հուշում խոնարհվել սեփական Հայրենիքին:

Մեծն Արիստոտելը ասում է. Խոսեք ինչպես ուզում եք, բայց մտածեք իմաստունի նման: Թող ինձ ների մեծ փիլիսոփան՝ ես շրջելու եմ նրա տողերը. Մտածեք ինչպես ուզում եք, բայց խոսեք իմաստունի նման:

Եվ հիմա չգիտեմ՝ մեր մե՞ղքն է արդյոք, թե՞ մեր նախահոր եւ նախամոր, ովքեր Աստծո կամոք ծնվեցին հասուն եւ մանկություն չունեցան: Եվ չգիտեմ նաեւ՝ թվացյալ իմաստուն մտածել եւ անիմաստ խոսե՞լն է ճիշտ, թե՞ պարզապես խոսել իմաստուն ու բնական, ինչպես կարող է երեխան խոսել, ով ամեն օր նորովի հայտնաբերում ու ճանաչում է աշխարհն ու իրեն:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30