Օրերս Aravot.am-ը Արթիկում քարոզարշավի եկած դաշնակցական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանին հարցրեց, թե ի՞նչ գնահատական կտա քարոզարշավին, իրենց ծեծելու փորձ երբեւէ արե՞լ են, ինչպես Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակվեցին ՀԱԿ ակտիվիստների վրա, նույնիսկ ջարդեցին Բաբկեն Գարոյանի քիթը: «Այո, նման որոշ դեպքեր կան, բայց ասեմ ձեզ՝ որքան որ առնչվում եմ տեղամասերի հետ, այնուամենայնիվ խանգարիչ հանգամանք չկա, դա ինչ-որ իմաստով ներշնչող է, այսինքն՝ չեն խանգարում քարոզարշավը անցկացնելուն: Բայց այս միջադեպերը, գիտեք, կարծում եմ, որ խորքում անձնական բնույթ են կրում»,- կարծիք հայտնեց պատգամավորը: Մեր ճշգրտող այն հարցին էլ՝ անձնակա՞ն, ո՞չ գաղափարական, տիկին Առաքելյանն ասաց. «Ի՞նչ գաղափարական, եթե հիմա ինձ ասեք՝ որտեղ է դրված այդ ընդհարման գաղափարը, ես ձեզ կպատասխանեմ՝ ո՞ր գաղափարը, անձեր են կռվում իրար հետ՝ իրար տեղ գրավելու համար: Դաշնակցությունն է միակ ուժը Հայաստանում, որ գաղափար ունի. ես սա հպարտությամբ եմ ասում, բայց, ցավով, գիտեք, շատ կուզենայի, որ Դաշնակցության կռիվը գաղափարի հետ լիներ եւ գաղափարի համար լիներ. շատ հայրենիքներ այդպես են պահվել, գաղափարներ են մրցակցության մեջ եղել, թե ո՞վ իր հայրենիքի, ժողովրդի, ազգի համար ավելին կանի»,- եզրափակեց տիկին Առաքելյանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ