Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացակայության 5 պատճառ

Ապրիլ 20,2012 13:20

Թե ինչու Հայաստանի մարզերում իշխանական կուսակցությունների նախընտրական հանրահավաքներին համեմատաբար շատ մարդ է գալիս, պատճառը պարզ է՝ իշխանությունը լծակներ ունի ստիպելու պետական հիմնարկների աշխատակիցներին գալու այդ հանդիպումներին, նաեւ՝ բավականաչափ փող ունի՝ անհրաժեշտության դեպքում ավտոբուսներով «զանգվածն» ապահովելու: Պարզ է, որ ոչ մեկի ուշքը չի գնում իշխանության համար, որ հենց այնպես, «ինքնաբուխ» գան:

Երբ նույն նախընտրական հանդիպումներին, որը կազմակերպում է ընդդիմությունը, քիչ մարդ է գալիս, բացատրությունները կարող են տարբեր լինել: Բացատրություն թիվ 1. բոլորն արտագաղթել են: Ի դեպ, արտագաղթի թվերի մասին. իշխանությունն ու նրա գաղափարները քարոզող կուսակցությունները պնդում են, որ 1991-1998-ին («ՀՀՇ-ի ժամանակ») Հայաստանից հեռացել է մեկուկես միլիոն մարդ: Իր հերթին ՀՀՇ-ն եւ նրան սատարող ուժերը այժմ պնդում են, որ 1998-2012 թվականներին Հայաստանից նույնպես արտագաղթել է մեկուկես միլիոն մարդ: Եթե «կոմունիստական» 3 միլիոն հայերից հանենք այդ երկու թվերի գումարելին, ապա անհայտ կլինի, թե ովքեր են այսօրվա Հայաստանում ապրում: Կարծում եմ՝ եթե արտագաղթը հանրահավաքների սակավության պատճառն է, ապա՝ ոչ հիմնականը: Բացատրություն թիվ 2. մարդկանց վախեցնում են, ահաբեկում են, որ ընդդիմության հետ հանդիպման չգան: Շատ հնարավոր է: Բայց եկեք սթափ գնահատենք իրավիճակը՝ հիմա՞ են մարդկանց ավելի շատ վախեցնում, թե՞ 2007-2008 թվականներին: Ինչո՞ւ էին ապա այն ժամանակ ընդդիմության հանրահավաքներն ավելի մարդաշատ: Գուցե դրա մասնակի պատասխանը տալիս է բացատրություն թիվ 3-ը. մարդիկ չեն կարեւորում խորհրդարանական ընտրություններն այնքան, որքան նախագահականը: Դա էլ կա. մեր ժողովուրդը վստահ է, որ ամեն ինչ «թագավորն» է որոշում. ուզենա նախագահը՝ հազարավոր աշխատատեղեր կբացի, ցանկանա՝ կոռուպցիան կվերացնի, հրամայի՝ աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան: Դա կոչվում է «ժողովրդի մասին մտածել»: Այսպիսով, թվարկած երեք բացատրություններն էլ ունեն ռացիոնալ հատիկ, բայց ամբողջական չեն:

Կա նաեւ 4-րդ բացատրությունը, որը չի կարելի արհամարհել. մարդիկ հոգնած են, հիասթափված ու ոչ մեկին չեն հավատում: Որոշ ժամանակով նրանց պետք է հանգիստ թողնել եւ նրանց գլխին բառերի տարափ չտեղալ: 4 տարին, իհարկե, բավարար ժամկետ է՝ նման դադար տալու համար: Բայց ա՛յս 4 տարին հագեցած էր իրադարձություններով եւ, համապատասխանաբար, բառերով՝ մարտի 1-ի սպանություններ, քաղբանտարկյալներ, ցույցեր եւ այլն: Հենց դրա համար էլ էական է, որ այս մի տարին՝ մինչեւ նախագահական ընտրությունները, խաղաղ անցնեն, կարեւոր չէ՝ թե ով կդառնա պատգամավոր եւ նախագահ, բայց ընտրությունների արդյունքներն ընդունելի լինեն հասարակության համար, եւ 2013-2017 թվականներին տիրի հարաբերական «լռություն»:

Կա նաեւ 5-րդ պատճառը, թե ինչու մարդիկ չեն գալիս ընդդիմության հետ հանդիպումներին. կուսակցությունները շատ են խոսում, բայց անկեղծ չեն, եւ իրենց երկերեսությունն ու երեսպաշտությունը չեն կարողանում թաքցնել ժողովրդից: Բայց այս դիտարկման հետ ոչ մի քաղաքական ուժ, բնականաբար, չի համաձայնի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30