Այսօր հրավիրած ասուլիսում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրեն սպառնացող մարդու՝ Սենիկ Ջուլհակյանի հետեւում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հմայակ Հովհաննիսյանը պատմել էր, թե Ջուլհակյանն ինչ սպառնալիքներով է ուզում իրենից խլել իր տարածքը:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ՀՔՄ շենքում կա 4 սեփականատեր, բոլորից էլ ուզում է խլել տարածքը: Սուրեն Խաչատրյանն ուզում է տեղափոխվել օպերայի տարածք՝ Ազատության հրապարակին մոտ. «Մեր աշխատողները տեսել են նրան այստեղ, եկել է, շոյել է մեր պատերը: Ախորժակ ունի տիրանալ դրանց: Նա իրեն հոգեհարազատ ձեւերով հետո պետք է փոխհատուցի այդ շենքի դիմաց»:
Հմայակ Հովհաննիսյանը հայ կնոջը հարվածած Սուրեն Խաչատրյանին «բանդիտ ու խուլիգան» անվանեց՝ կոչ անելով երեւանցիներին սթափվել ու թույլ չտալ, որ նա գա Երեւանի կենտրոն:
Հարցին՝ դուք դատական կարգով բողոքարկելո՞ւ եք այդ որոշումը, նա պատասխանեց. «Ես բողոքարկելու խնդիր չունեմ: Լիսկան պատկերացնում է, որ իրավապահ մարմիններն իր անձնական օգտագործման խմբավորումն են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ