Աղջիկները հագնվում են հանուն այլ աղջիկների, որպեսզի մրցակցեն: Ասում է ժողովորդը: Դա իրական է, սակայն, եթե, աշխարհում այլևս չլինեին տղամարդիկ, նրանք կդադարեին հագնվել:
Մեզ հետաքրքրեց տղամարդկանց կարծիքը 21-րդ դարի հայ աղջկա կերպարի և նրա փոփոխությունների մասին: Իսկ այն, ինչը մեզ հետաքրքրում է, անպայման բացահայտում ենք:
21-ամյա բլոգեր, հեռուստահաղորդավար Լևոն Բադալյանը կցանկանա, որ հայ աղջիկները գտնեին իրենց տեղը կամ մնային 1990-ական թվականներում, կամ էլ շարժվեին այժմեական կյանքի ռիթմով: «Շատ են աղջիկները, որոնք չեն կողմնորոշվում, որ ժամանակաշրջանին են պատկանում, իսկ դրա արդյունքում նրանք դառնում են ծիծաղելի»,- ասում է նա: Իսկ 20-ամյա Գևորգ Արիստակեսյանը գրեթե ոչ մի դրական կողմ չի գտնում հայ աղջիկների կերպարում. «Բոլոր նրանք, ովքեր ունեն դրական կողմեր, իմ ընկերներն են»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է նա: Նա նաև նշում է, որ հայ աղջիկներն ինդիվիդուալ չեն, մեկը մյուսի կրկնօրինակն է, և ամեն հաջորդն ավելի վատ կրկնօրինակ է դառնում: «Հայ աղջիկները չեն հետևում իրենց, հագնվելու ճաշակ չունեն, խոսում են տղաների բառապաշարով»,- ասում է Գեւորգը, ավելացնում՝ աղջիկները չունեն միջինի զգացում. կամ կոմպլեքսներ ունեն, կամ էլ չափից շատ են զուրկ վերջիններից: Իսկ վերջում, խորհրդի կարգով նշում է, որ այս ամենը խնդիրներ են, որոնց պետք է անպայման ուշադրություն դարձնել:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանող Էդուարդ Ավագյանն ասում է, որ աղջիկների մեջ կփոխեր պճնամոլությունն ու գոռոզությունը, կցանկանար ավելի սիրուն լինեին: Էդուարդը ևս կարծում է, որ աղջիկները միջինի զգացում չունեն, հատկապես, երբ խոսքը հագուստին է վերաբերում. «Մեծամասնությունը, փորձելով նորաձև լինել, հիմնականում ընկնում է բրենդի հետևից և մտածում՝ եթե բրենդ է, ապա գեղեցիկ և նորաձև է»,- կարծում է էդուարդը: Նա նկատել է, որ այսօրվա հայ աղջիկը երբեմն չի կարողանում տարբերակել զարգացվածությունը, ազատությունը և լկտիությունը: Չնայած դրա բացատրությունը ևս գտնում է. «Դրա պատճառն այն է, որ վերջին 100-ամյակում շատ տարբեր ազգերի հետ ենք ձուլվել»:
27-ամյա Կարեն Մանուկյանը, ով արդեն իսկ գտել է իր պատկերացումներին համապատասխանող հայ կնոջ, նշում է, որ կցանկանար 21-րդ դարի հայ աղջիկը լիներ բարոյական, կիրթ, չապրեր եվրոպացու նման, հավատարիմ լիներ իր ընտանիքին ու ամուսնուն:
21-ամյա Էդ Իգիթյանի կարծիքով՝ հայ աղջկա մեջ առաջին հերթին պետք է յուրահատկություն լինի, և նրանք չփորձեն նմանվել ինչ-որ մեկին: Էդը նշում է նաև, որ հայ աղջիկների մեծամասնության կերպարի մեջ վառ ձևով արտահայտվում է նվիրվածությունը, ընկերասիրությունը:
Իսկ մեր զրուցակից Արմեն Զուռնաչյանը կարծում է՝ հայ աղջիկներին պակասում է զարգացվածությունը. «Կցանկանայի նրանց մեջ վերանար անհետաքրքրությունը, հետաքրքիր լիներ նրանց հետ շփումը: Իսկ այդ ամենը պայմանավորված է զարգացվածությամբ»:
Մասնագիտությամբ ռեժիսոր Դավիթ Գևորգյանն էլ 21-րդ դարի հայ աղջկա առաջին խնդիրներից մեկը համարում է կոմպլեքսները: Նա խոստովանում է, որ կցանկանար հայ աղջիկներն ազատվեին հայկական ստանդարտ կոմպլեքսներից: Դավիթը երկրորդ ամենաէական խնդիրներից մեկն էլ ձևական գոռոզությունն ու հպարտությունն է համարում: Նրա կարծիքով շատ աղջիկներ իրենց փորձում են ներկայացնել այլ կերպարում, սակայն ընթացքում պարզ է դառնում, որ նրանք ճիշտ հակառակ կերպարում են: Իր խոսքի վերջում Դավիթն ասում է. «Աղջիկները փորձում են իրենց մասին ավելի լավ կարծիք ստեղծել՝ կեղծելով իրենց ես-ը: Սակայն, աղջիկներ ջան, եղեք այնպես, ինչպես կաք, քանի որ դա ավելի կգնահատվի, քան կեղծիքը»:
Աղջիկներին շատ սիրող և գնահատող երիտասարդ երգիչ Հարություն Պապիկյանն էլ նշում է, որ հայ աղջիկները ճաշակի առումով փորձում են նմանվել եվրոպացիներին: Սակայն դա բերում է ոչ թե ճաշակի զարգացման, այլ վուլգարիզմի: Հարությունն ասում է. «Կցանկանայի 21-րդ դարի հայ աղջիկը չվազեր Մերսեդես S Class-ի և փողի հետևից, այլ կերպ ասած՝ չվաճառվեր»… Նա, սիրելով ազատ աղջիկներին, նշում է, որ հայ աղջիկներին բացակայում է համեստությունը. կարելի է լինել ազատ, բայց չափի մեջ: Հարությունը նկատել է. «Եթե հայ աղջիկը սիրի, ապա հավատարիմ կլինի, նվիրվում է սրտանց, սիրում է ավելի շատ, քան տղամարդը»: Հարությունի խոսքով՝ 21-րդ դարի հայ աղջիկն ամենաուժեղն է, և միշտ կարելի է հույս դնել նրա վրա:
Այսօր խոսում էին տղաները: Դե ինչ, տղաներ, խոսեցի՞ք, բողոքեցի՞ք ու քննադատեցի՞ք, հուսամ այդ ընթացքում չմոռացաք, որ դեռ աղջիկներն էլ են խոսելու…. Ես խոսք եմ տալիս, սպասեք, աղջիկների խոսքին…..
Գոհար Խալաթյան