Այսօր, ապրիլի 20-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետ համատեղ ոստիկանություն են բերման ենթարկել մի երիտասարդի։ Ինչպես Aravot.am–ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը Երևան քաղաքի Նորքի այգիների բնակիչ 43-ամյա Կարեն Կնյազյանն է։ Նրան Ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով։
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով 2011թ. նոյեմբերի 13–ին ժամը 23.00-ի սահմաններում Երևանի Բրյուսովի փողոցում՝ «Գարուն» ֆաբրիկայի հարևանությամբ Կ. Կնյազյանը վիճաբանության մեջ է մտել Երևանի բնակիչ 20-ամյա Ժիրայր Ավագյանի և 27-ամյա Մերուժան Դավթյանի հետ։ Վիճաբանության ժամանակ Կ. Կնյազյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Մ. Դավթյանին։ Վերջինս որովայնի մասում ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնասվածք պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) հատկանիշներով։ Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության և Կենտրոնականի բաժնի աշխատակիցները նրան հայտնաբերել են իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի 64 ՕՕ 919 համարանիշի ավտոմեքենայով, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև հանցագործության առարկա հանդիսացող դանակը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ Կնյազյանը աշխատում է Պետեկամուտների կոմիտեի Նոր Նորքի բաժնում։