Ով ինչ ուզում է ասի, բայց լավագույն «սոցիոլոգիական հարցումը»
նախընտրական հանրահավաքների մարդաքանակն է։ Անգամ եթե
ընդունենք, որ այդ մարդիկ հավաքվում են վախի ազդեցության տակ,
ստիպողաբար, իրենց ադմինիստրացիաների պահանջով, ապա սա
այն մասսան է, որն այդ նույն սկզբունքով էլ քվեարկելու է։ Այնպես որ
յուրաքանչյուր քաղաքական ուժի էլեկտորատը նրանց հավաքներին
ներկայացող մարդկանց բազմությունն է՝ Երեւանում եւ մարզերում։
Եվ այսպես՝ ի՞նչ պատկեր է գծագրվում, երբ հետեւում ես այս նախընտրական «սոցիոլոգիային»։ Բնականաբար, իրենց հաստատուն քվեներն ունեն Հանրապետականն ու «Բարգավաճը»։ Առաջինը՝ մի քիչ շատ, երկրորդը՝ մի քիչ պակաս։ Որքան էլ ոմանք առարկեն, որոշակի քվեների քանակ ունի Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը, որը եւս լիքը դահլիճներ ու ունկնդիր բազմություն է հավաքում։ Բավականին անսպասելի էին Դաշնակցության հանրահավաքները, որոնք եւս վկայում են կայուն էլեկտորատի գոյության մասին։ Իսկ այ, արմատական ընդդիմությունն ակնհայտորեն խնդիրներ ունի։ Ընդ որում՝ նկատելիորեն պակասել է Հայ ազգային կոնգրեսի համակիրների քանակը, եւ դա անգամ անզեն աչքով է տեսանելի։ Իսկ իր անվան շուրջ այդքան մեծ աղմուկ հանած եւ լրատվական քարկոծումների թիրախ դարձած «Ժառանգությունն» անգամ կարեկցանքի է արժանի, նրանց հանդիպումներին մասնակցող անձանց ծանծաղ շարքերը հինգ տոկոսի հաղթահարման հարցում թերահավատություն են առաջացնում։ Ի՞նչն է պատճառը, որ ընդդիմությունն ավելի վատ վիճակում է, քան իշխանական ուժերը։ Չէ՞ որ իր կյանքից դժզոհ մարդը, բնականաբար, պետք է ձայնը տար ընդդիմությանը։ Բայց ընդդիմադիր ուժերի տեւական պասիվությունը եւ միայն նախընտրական շրջանում ակտիվանալը, կարծում ենք, էականորեն վնասեցին նրանց, եւ թափ առնելու ժամանակ չմնաց։
«Հրապարակ»