Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր, «Էրեբունի պլազա» հյուրանոցային համալիրի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության եւ ՀՀ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ ՀՅԴ-ն ներկայացրեց նախընտրական իր ծրագրի առողջապահությանն առնչվող հատվածը։ Հանդիպմանը, որը կազմակել էր ՀՅԴ-ի ԳՄ-ին կից գործող առողջապահության հանձնախումբը, ներկա էին առողջապահական ոլորտը ներկայացնող տարբեր բուժհաստատությունների ներկայացուցիչներ, նաեւ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը, որը, հիշեցնենք՝ հենց ՀՅԴ-ի քվոտայով էր զբաղեցրել այդ պաշտոնը եւ հրաժարական տվեց այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն հայտարարեց իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին։
Եվ այսպես, ՀՅԴ-ն առողջապահության ոլորտում ծրագրում է. «Աստիճանաբար ներդնել առողջապահության պարտադիր ապահովագրության պետական-կորպորատիվ վճարումների համակարգ, ընդ որում՝ ապահովագրական վճարի չափը կպայմանավորվի քաղաքացիների եկամտի չափով՝ աղքատության շեմից ցաշր գտնվող քաղաքացիների, երեխաների, թոցակառուների, սոցիալապես խոցելի խմբերի համար ապահովագրական վճարներն ամբողջությամբ կֆինանսավորվեն պետական բյուջեից, միջին եկամուտ ունեցող քաղաքացիներրի դեպքում՝ ապահովագրության մի մասը կհատուցվի պետության միջոցների հաշվին, հասարակության ապահով հատվածը կվճարի ամբողջությամբ: Մեկ անձի համար տարեկան առողջապահական ծախսը նվազագույնը կհասցվի 150 հազար դրամի»: Հիշեցնենք, որ առայժմ այն չի գերազանցում 63 հազար դրամը:
Նաեւ՝ արտոնություններ տրամադրել մարզերում եւ հեռավոր բնակավայրերում աշխատող բուժանձնակազմի անդամներին:
Ներդնել դեղերի եւ առողջապահական ծառայությունների գների պետական կարգավորման մեխանիզմներ, պետական վերահսկողություն սահմանել եւ մասնակցություն ապահովել դեղերի շուկայում:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՀՅԴ-ի անախընտրական ծրագրում առողջապահության ոլորտին վերաբերող փաստաթղթում այլ նախաձեռնությունների եւ դրանց ֆինանսավորման մեխանիզմների, նաեւ բուժաշխատողների արձագանքների մասին ավելի մանրամասն կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում: