Orange հիմնադրամի հայաստանյան գրասենյակը դարձավ 1 տարեկան: Այդ առիթով հիմնադրամի տարեդարձին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի հաղորդակցության եւ բարեգործության գծով գործադիր փոխտնօրեն Քրիստին Ալբանելը: Նա լրագրողների հետ հանդիպմանը մի ուշագրավ դիտարկում արեց. բանն այն է, որ Orange-ը ներկայացուցչություն ունի աշխարհի 35 երկրներում, սակայն մինչ օրս դրանց միայն կեսում է ստեղծել հիմնադրամներ: Քրիստին Ալբանելի խոսքերով՝ «Սովորաբար կոմերցիոն գոծունեությունը մեկնարկելուց շատ ավելի ուշ է ստեղծվում հիմնադրամ: Սակայն Հայաստանում այդպես չեղավ, շատ կարճ ժամանակ անց սկսեց գործել բարեգործական հիմնադրամը: Սա ցույց է տալիս նվիրվածությունն այն երկրին, որտեղ բիզնես գործունեություն ենք ծավալում: Ուրախ եմ տեսնել կատարված աշխատանքը եւ այն աջակցությունը, որ հիմնադրամը կարողանում է իր մեծ ու փոքր ծրագրերով ցուցաբերել երկրին` մասնավորապես հեռավոր եւ խոցելի համայնքներին, հաղորդակցության խնդիրներ ունեցող անձանց, ուսանողներին»:
Քրիստին Ալբանելն արդեն հասցրել էր ծանոթանալ այն հսկայական աշխատանքներին, որ կատարել է մեր երկրում Orange-ը վերջին տարիների ընթացքում: Նա նկատել էր՝ «Կարճ ժամանակահատվածում Orange-ը դարձել է երկրում սոցիալական եւ տնտեսական շատ կարեւոր դերակատար: Առիթ ունեցա Երեւանում մի փոքր քայլել, հիացած էի, ես տեսա, որ Orange-ի ապրանքանիշը սազում է Երեւանին, տեսանելի է եւ շատ մոտ է մարդկանց»:
Քրիստին Ալբանելը նաեւ ներկայացրեց Orange բրենդի արժեքներն ու Orange-ի առաքելությունն աշխարհում, ինչպես նաև Հայաստանում: Խոսելով ապրանքանիշի արժեքի մասին` նա նշեց, որ Orange-ն աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի շարքում 36-րդն է, Եվրոպայում՝ 6-ը եւ այս արժեքի կերտման ու մեծացման համար իրենց ներդրումն են ունենում Խմբի բոլոր աշխատակիցները՝ իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով:
«Առավոտի» հարցին՝ ո՞րն է գաղտնիքը, որ Orange-ն այս կարճ ժամանակահատվածում սիրված բրենդ դարձավ, ընդ որում հաստատվեց արդեն իսկ մրցակցային շուկայում՝ Քրիստին Ալբանելը պատասխանեց. «Եթե խոսենք հաջողության բանալիների մասին, դրանցից մեկն այն է, որ Orange-Արմենիան մենակ չէ, այն մեծ խմբի մաս է կազմում, որտեղ աշխատում են 6000-ից ավելի գիտնականներ, որոնք ամեն տարի դեռեւս չիրականացված, չփորձված նորարարություններ են անում: Իհարկե, հաջողության գործում ապրանքանիշի ուժն էլ կա, ուզում ենք մեր ապրանքանիշը այդպիսին լինի՝ ջերմ, հասարակությանն ավելի մոտ»:
Պատահական չէ, որ շուկայի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում հարցվողների մեծամասնությունը նշել է Orange-ը որպես ամենահոգատար ընկերություն, որն ունի ամենահասկանալի առաջարկները, մինչդեռ սովորաբար հեռահաղորդակցության ծառայությունները շատերի համար բարդ են լինում: Քրիստին Ալբանելի դիտարկմամբ՝ «Սա նշան է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»: Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ իրենք աշխատում են տարբեր երկրներում, տարբեր մայրցամաքներում, զարգացման տարբեր աստիճաններ եւ մշակույթ ունեցող երկրներում, «սակայն կա մի բան, որ միավորում է բոլոր Orange ընկերություններին` դա մեր առաքելությունն է: Հեռահաղորդակցությունը մի ոլորտ է, որը փոխում է մարդկանց ամենօրյա կյանքը. փոխում է, թե ինչպես են մարդիկ հաղորդակցվում, ինչպես են ապրում, ինչպես են սովորում: Orange-ում մենք ցանկանում ենք ուղեկցել մեր բաժանորդներին թվային աշխարհում, դառնալ նրանց ամենօրյա օգնականը»:
Մենք նաեւ հետաքրքրվեցիբք, թե բաժանորդներին առաջիկայում ի՞նչ անակնկալներ են սպասվում, ի՞նչ նոր ծառայություններ կլինեն:Orangeհիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան պատասխանեց. «Մեր քաղաքականությունը շուկայում չի փոխվել, միշտ եղել ենք նորարար, շարունակելու ենք լինել նորարար: Մոտակա ամիսների ընթացքում հեշտությամբ կխոստանամ՝ լինելու են հետաքրքիր առաջարկներ»:
Ի դեպ, Քրիստին Ալբանելին մեր Երեւանը Վերսալն է հիշեցրել: Նա պատրաստվում է լինել նաեւ Գառնի-Գեղարդում եւ Արարատի մարզում՝ ծանոթանալու ժամանակակից տեխնիկայով հագեցած աչքի շարժական հիվանդանոց:
R.