Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևանում պատկերապատման (կոմիքսների) միջազգային 3-րդ փառատոնին նվիրված մամլո ասուլիս էր հրավիրվել: Նշվեց, որ փառատոնը կանցկացվի ապրիլի 20-22-ը` Հայաստանում պատկերապատման զարգացման միության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Պատկերապատման զարգացման միության նախագահ Ժան Մարդիկյանը ասաց, որ կարեւոր է Հայաստանում պատկերապատողների թվի աճը. «Այդ արվեստը զարգացած է Ֆրանսիայում, լավ կլինի, որ հայ երիտասարդները նույնպես սովորեն պատկերապատումների միջոցով արտահայտել իրենց ապրումները»: Հայաստանում պատկերապատման զարգացման միությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է համապատասխան դասընթացներ:
Ինչ վերաբերում է, փառատոնին, դրա շրջանակներում տեղի կունենա «Իմ Հայաստան» խորագրով պատկերապատումների հավաքածուի շնորհանդես, հայ եւ ֆրանսիացի պատկերապատողների գործերի եւ հայ մանրանկարչության նմուշների ցուցահանդես: «Սպասվում է նաեւ Ֆրանսիայի Վալանս քաղաքի Ցեղասպանության թանգարանի տրամադրած պատկերապատումների ցուցահանդեսը, որի նպատակն է` ներկայացնել եւ դատապարտել կամբոջիացիների, հրեաների եւ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունները»,-նշեց Հայաստանում պատկերապատման զարգացման միության փոխտնօրեն Ագատա Բադալյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ