Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ քաղաքացիներին գրկած կտանեմ ընտրատեղամաս»

Ապրիլ 19,2012 22:11

«Ճշտե՞լ եք արդյոք, այն ընտրական տեղամասը, ուր դուք պիտի ընտրեք, ապահովվա՞ծ է համապատասխան թեքահարթակով եւ հարմարեցված դռներով»,- այսպիսի հարցով «Առավոտի» թղթակիցը դիմեց Գավառի թղթակիցը դիմեց Գավառ քաղաքի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, 31 ամյա Սարգիս Միրիբյանին:  «Անկեղծ ասած ընտրություններին չեմ մասնակցելու, ողնաշարիս վնասվելուց հետո տանից դուրս չեմ գալիս: Ընտրություններին երբեւէ չեմ մասնակցել, բացի շինարարական արգելքներից, խուսափում եմ նման մարդաշատ վայրերից»,-պատասխանեց Միրիբյանը:

Կարմիրգյուղի բնակիչ, 35 ամյա Վահագն Պիկանցյանը, ով ունի հենաշարժողական խնդիրներ, մեր թղթակցի նույն հարցին պատասխանեց, որ իր ընտրական տեղամասում չկա թեքահարթակ: «Էրկու հատ աստիճան ա, տղերքը կօգնեն կբարձրանամ»,- պատասխանեց Վահագնը:

Ըստ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի տվյալների` 2011 թ. Գեղարքունիքի մարզում  հաշվառվել է 10778 հաշմադամ, որից 624-ը մանկուց հաշմանդամ է,  770-ը` առաջին կարգի հաշմանդամ: Եւ ըստ համապատասխան հանձնաժողովի նախագահի պարզաբանման` 1-ին կարգի  հաշմանդամություն ունեցող անձիք հիմնականում նրանք են, ովքեր անկողնային վիճակում են եւ գրեթե անշարժ:

Ըստ տարածաշրջանների` Գավառի տարածաշրջանում ապրում է 2-րդ եւ 3-րդ կարգի 1818 քաղաքացի, Մարտունիում`  3717, Սեւանի տարաշրջանում` 1727, Վարդենիսի տարածաշրջանում` 1906 եւ Ճամբարակի տարածաշրջանում` 116 բնակիչ:

Վերոնշյալ հանձնաժողովի եւ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից ոչ մեկի տվյալների բազայում չգտնվեց այնպիսի տեղեկատվություն, որում հաշվառված կլիներ մարզի հենաշարժողական խնդիրներով բնակիչների թիվը:

«Լիարժեք կյանք» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանի հաղորդմամբ` Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս եւ Ճամբարակ քաղաքներում անցկացվել է սոցհարցում, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող բնակիչներ` պատահականորեն ընտրված ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված ցուցակներից:

Հարցումն անդրադարձել է սոցիալական եւ քաղաքացիական տարաբնույթ հարցերի, այդ թվում` ընտրություններին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությանը: 160 հարցվածներից 120-ը պատասխանել են, որ նախկինում մասնակցել են ընտրություններին: Հարցված 35 անձանցից 22-ը պատասխանել են, որ չեն մասնակցել ընտրությունների:  Հարցմանը մասնակից Գեղարքունիք, Լոռի, Շիրակ եւ Արագածոտն մարզերից ընտրություններում մասնակցության առավել ակտիվություն ունեն Լոռին եւ Գեղարքունիքը:

«Փարոս» կրթության եւ մշակույթի զարգացման հաշմանդամների կենտրոնի նախագահ Սուրեն Օհանյանը Առավոտին տեղեկացրեց, որ 2011 թվականին Գեղարքունիքի մարզի 19 կազմակերպությունների շենքերի շքամուտքերում կառուցվել են թեքահարթակներ եւ ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են` հարմարեցնելով հաշմանդամություն ունեցող անձանցը:

Վերը նշված 19 տարածքներից շուրջ 10-ն են ընտրական տեղամաս:  Ըստ մարզի երեք ընտրական հանձնաժողովների նախագահների տվյալների` մարզի ողջ տարածքում կա 153 ընտրական տեղամաս:  Ստացվում է ողջ մարզի պատկերով 153 ընտրական տեղամաս, 10 հարմարեցված շինություն եւ 9724 հաշմանդամ ընտրող:

Մեր հարցին, թե ինչ են պատրաստվում անել համայնքների ղեկավարները, որ ընտրատարածքները հարմարեցվեն հենաշարժողական խնդիր ունեցողներին` Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը պատասխանեց, որ թեքահարթակների կառուցումը կապված է հսկայական ծախսերի եւ քաղաքաշինության համապատասխան կարգադրությունների ու թույլտվությունների հետ: «Իմ հանձնարարականով մարդիկ կլինեն բոլոր ընտրատարածքներում, որ օգնեն հենաշարժողական խնդիրներ ունեցողներին»,- եզրափակեց Գ. Մալխասյանը:

Նույն հարցին Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը պատասխանեց. «Թեքահարթակների ստեղծումը մե օրվա գործ չէ»,- վրդովված պատասխանեց քաղաքապետը,- «համայնքն ինչքան փող ունի, որ սարքա, ես իմ քաղաքացիների համար կստեղծեմ խաղաղ միջավայր բոլոր ընտրատարածքներում եւ հենաշաժողական խնդիր ունեցող իմ քաղաքացիներին իմ ձեռներով կգրկեմ, կհասցնեմ ընտրատեղամաս»:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30