Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարություն արեց, որ միասնական շտաբը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է, ուղղորդվում է իր կողմից: Մեր հարցին՝ եթե միասնական շտաբը Քոչարյանինն է, ապա ՀՅԴ-ն այստեղ ի՞նչ դեր կամ ի՞նչ կապ ունի, Ստյոպա Սաֆարյանը հիշեց Արմեն Ռուստամյանի խոսքերը. «ՀՅԴ-ն ինքը, հենց որ «Ժառանգությունը» հեռացավ, հայտարարեց` իրենք երեքով բյուրեղացան: Հիմա շտաբը բյուրեղանում է»: Մենք փորձեցինք ճշտել՝ ձեր խոսքերից ստացվեց, որ Քոչարյանը նաեւ մեծ ազդեցություն ունի ՀԱԿ-ի վրա, ճի՞շտ հասկացանք, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ոչ թե ազդեցություն ունի, այլ ես ենթադրում եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ քաղաքականությունը դա դաշնակիցներ որոնելու արվեստ է, ապա նշանակում է, որ որոնել են: Իսկ ով որոնում՝ նա գտնում է»:
Ստյոպա Սաֆարյանը քաղաքագետ է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին, այսպիսի գնահատական տվեց. «Որեւէ մեկը ինձ չի կարող հակառակն ապացուցել իմ տեսածին կամ իմ դիտարկածին. եթե դու տեսնում ես, որ ինֆորմացիոն դաշտում կան ՀԱԿ-ԲՀԿ համատեղ գործակալություններ, ՀԱԿ-ԲՀԿ համատեղ քարոզչական ակցիաներ, եթե դու ֆեյսբուքում տեսնում ես, որ երբ ՀԱԿ-ին քնադատում ես՝ ԲՀԿ-ն է պաշտպանում, ԲՀԿ-ին քննադատում ես՝ ՀԱԿ-ն է պաշտպանում, եթե դու ամենատարբեր հարթություններում տեսնում ես համատեղ գործողություններ, ապա սա շատ լուրջ է: Ես ստատուսներիցս մեկում մի բան էի գրել, որ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը պայքարում է հանցավոր ռեժիմի դեմ՝ մյուս կուսակցությունների հետ: Սա սկանդալային հայտարարություն է: Սա նշանակում է պալատական հեղաշրջման գնալ՝ կոալիցիան կազմող ուժերի հետ միասին: Հետեւաբար հետեւությունը մեկն է, կա՛մ Տեր Պետրոսյանը մյուս ուժերի՝ այդ թվում եւ ԲՀԿ-ի հետ, ՀՅԴ-ի հետ նստել, զրուցել են եւ նրանք բոլորն ասել են՝ այո, մեր թիրախը Հանրապետականն է, եւ նրան պետք է զրկենք իշխանությունից, դա հակակշռի մասին հայտարարություն չէ, դա իշխանությունը վերցնելու մասին հայտարարություն է, եւ Օսկանյանը խոսում է նոր կոալիցիայից, նոր կառավարությունից, եւ որ Տեր-Պետրոսյանն էլ ասում է՝ էդ կոալիցիայում չի լինելու սա՝ Հանրապետականը, սա լուրջ հայտարարություն է: Հետեւաբար կամ իրենք այնքան վստահ են, որ հայտարարում են այդ մասին, իրենք գնում են ՀՀԿ-ին չեզոքացնելու ճանապարհով, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի ուղեկցում է ԲՀԿ-ին զոհասեղան: Որովհետեւ հայտարարել մի բանի մասին ու ասել, որ ինձ հետ նաեւ ԲՀԿ-ն է, այդ նշանակում է ժողովրդական լեզվով ասած ԲՀԿ-ին փուռը տալ»:
Մեր հարցին՝ այն, որ ՀԱԿ-ը միշտ մեսիջներ ուղարկում է ԲՀԿ-ին, դա պարզ է, բայց երկրորդ կողմից՝ ԲՀԿ-ից արդյոք կա՞ ցանկություն ՀԱԿ-ին միանալու՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց «Որոշ դեպքերում շահերի համընկնում կա, բայցեւայնպես շահերի համընկնումը չի նշանակում տուրք տալ այդպիսի խաղերի, որոնք քեզ տանում են սուիցիդի՝ ինքնասպանության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև