Ապրիլի 19-ին կայացավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Նոյեմբերյանի բնակիչների հետ: Մինչ Ծառուկյանը կժամաներ, մայրաքաղաքից եկած երգիչները եւ դերասանները ներկայացրին հումորային-երաժշտական ծրագիր: Հավաքվել էին Նոյեմբերյան քաղաքի, նաեւ՝ տարածաշրջանի բնակիչները: Նոյեմբերյանի Ազատության հրապարակը, հարակից զբոսայգին լեփլեցուն էին: Շատ էին հատկապես երիտասարդները:
Գագիկ Ծառուկյանին հրապարակում դիմավորեցին աղուհացով, իսկ նախընտրական հանդիպման ավարտին ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար Զարինե Ղազինյանը Գագիկ Ծառուկյանին համարելով «Սասունցի Դավթի, Տորք Անգեղի հետնորդ»՝ նրան հուշանվեր մեծ սուր նվիրեց: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ասաց, որ իրենց խոսքերը իրականություն են դառնում, իրենք լավատեղյակ են առկա խնդիրների մասին, դրանք կլուծեն միանական ուժերով: Գ. Ծառուկյանը հայտարարեց . «Այսօր մենք այս ծանրության տակ ենք մտել ոչ թե պաշտոնի, փող կուտակելու համար, այլ որ ապագան ավելի փայլուն լինի, իմ երեխաների ապագան նույնպես՝ մեր ժողովրդի ապագայի հետ միասին»:
ԲՀԿ ղեկավարի խոսքերով՝ մարդիկ պետք է հավատ ունենան, որ լինելու է «արդարություն, գնահատական, վերաբերմունք եւ մրցակցություն, որ բոլորը հավասար են լինելու, հաղթելու է ուժեղը, խելացին, բանիմացը, արդյունավետ աշխատողը, ով կարող է մարդու մատից փուշ հանել»: ԲՀԿ առաջնորդի վկայությամբ՝ իրենք փողով, ծանոթով պաշտոնի չեն նշանակում, այլ նրան՝ ով այդ գործը կարող է կատարել: Նա առաջիկա ընտրությունների վերաբերյալ նշեց, որ որոշողը ժողովուրդն է, ոչ ոք իրավունք չունի ժողովրդին ստիպելու եւ պարտադրելու որ իր ձայնը տա այս կամ այն կուսակցությանը :
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ