Այսօր Երևանի պետական համալսարանում իրարանցում էր: Օրեր առաջ տուբերկուլիոզով հիվանդ էր հայտնաբերվել: Սովորում է Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում: Լուրը խուճապի էր մատնել ֆակուլտետի ուսանողությանը, ուսանողները դասադուլ էին հայտարարել: նույն մասնաշենքում սովորող այլ ֆակուլտետների ուսանողները պակաս անհանգստացած չէին: «Այդ աղջիկը ընկերուհուս կուրսեցին է: Նրանք շատ էին վախեցել, անկեղծ ասած, ես էլ: Նրանցից ոչ մեկ չէր ցանկանում համալսարան գալ, այնինչ դեկանն ասել էր`դաս լինելու է»,- պատմում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննիկ Գրիգորյանը:
Մի շարք ուսանողներ համալսարանում դիմակներով էին ման գալիս, առավել վախկոտներն էլ լուրն իմանալուն պես`շտապեցել էին լքել համալսարանը: «Դասի գնալիս նկատեցի, որ շատ քիչ ուսանող կար, քան սովորաբար: Հետո կուրսեցիներս ասեցին, որ ռոմանոյից մի աղջկա մոտ տուբերկուլիոզ են հայտնաբերել, իսկ լսարաններում ախտահարում չի կատարվել` այնինչ մենք նույն լսարաններում ենք դաս անում: Ես չեմ հասկանում` ի՞նչ երաշխիք կա, որ մենք էլ չենք վարակվի»-ասում է ուսանողուհի Դիանա Ադամյանը: Իսկ ԵՊՀ-ի Լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը վստահեցնում է` մասնաշենքն ախտահարելու կարիք չկա. «Գրիպ չի, որ ինչ-որ մեկը փռշտա և վարակվես: Տուբերկուլիոզի վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Փողոցում կամ առհասարակ ամենուրեք ինչ-որ բանի դիչելիս, չգիտես`տուբերկուլիոզով հիվանդը քեզանից առաջ շփվե՞լ է այդ իրի հետ, թե՝ ոչ»-ասում է նա ու հավելում`օրեր առաջ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները համալսարանում ստուգումներ են անցկացրել: «Տուբերկուլիոզով հիվանդն արդեն հոսպիտալացվել է և գտնվում է հիվանդանոցում: Ստուգվել են նաև նույն խմբի այլ ուսանողներ: Նրանց մոտ վարակ չի հայտնաբերվել: Նրանց, ովքեր չեն հավատում, առաջարկում եմ գնալ պոլիկլինիկա կամ տուբերկուլիոզի ազգային կենտրոն և համոզվել, որ իրենց մոտ այդպիսի բան չկա»,- ասում է նա:
Առողջապահության նախարարության տվյալներով ` 2011թ-ին գրանցվել է տուբերկուլոզի 1247 դեպք: 2007 թ-ի գրանցված տվյալների համեմատությամբ մահացության ցուցանիշը նվազել է 70 տոկոսով:
Նազենի Բաղդասարյան