13 տարեկանում Վրաստանի Թիֆլիս քաղաքից եկավ Հայաստան, մասնակցեց «Կռունկ» փառատոնին, որոշեց մնալ այստեղ, ստեղծագործական կյանքը կապել հայրենի երկրի հետ: Հիմա էլ «Տարվա լավագույն երգիչն է»: Գուշակեցիք, այս անգամ խոսելու ենք երիտասարդ, բայց արդեն հայ կատարողի համար ամենագլխավոր` ազգային մրցանակին արժանացած Էրիկի հետ: Հիմա արդեն կայացած երգիչը վերեւից է նայում անցած տարիների դժվարություններին, մեզ էլ համոզում է՝ դժվարությունները իսկական տաղանդավոր մարդու համար են:
Էրիկ Կարապետյանը հայկական երգարվեստի հետ կյանքը կապելը դժվար էլ պատկերացրել է, այստեղ հասնելով էլ հասկացել է՝ պետք է շարունակի ապացուցել բոլորին , որ կապ չունի թե մարդը որտեղից է եկել, արժանի մարդը միշտ էլ գտնում է իր տեղը: Հիշում է դեռ 13 տարեկանում, երբ եկավ Հայաստան՝ «Կռունկ» փառատոնին մասնակցելու, ոչ ոքի չէր ճանաչում. «Եղել եմ տարբեր տեղերում, ձեռքս գումար չի եղել, քաղաքի մի ծայրից մյուսը ես ոտքով եմ անցել, ձայնագրության եմ գնացել առանց գումարի, սոված, բայց դրա մասին ոչ ոքի չեմ ասել, ամաչել եմ հայրիկիցս գումար ուզել, որոշել էի ամեն ինչի միջով անցել»,- ասում է Էրիկը: Զարմանում է, երբ երիտասարդները հիասթափվում են իրենց սկսած գործից, երբ դժվարության են հանդիպում, ինքն էլ, որպես «շատ-շատ» հիասթափությունների հանդիպած մեկը, երգարվեստ նոր ոտք դնողների մասին ասում է. « Նկատում եմ, մի մրցույթի մի փուլը չեն անցնում, հիասթափվում են, պետք է այդպես չլինի, այդ դժվարությունները նորմալ իսկական տաղանդավոր մարդու համար են»:
Իր` դժվարությամբ նվաճված հաղթանակների համար էլ շնորհակալ է իր ընկերներին, նախկին պրոդյուսեր Զառա Պետրոսյանին, ում հետ ավարտել է աշխատանքային գրաֆիկը, բայց պահպանել ջերմ եւ ընկերական հարաբերությունները:
«Լավագույն երգիչ» կոչմանը արժանանալու առթիվ էլ երգիչը խոստովանում է. «Այն ամենը, ինչ ես արել եմ այս տարիների ընթացքում, չմնաց անպատասխան, ես ստացա իմ ժողովրդի կողմից շնորհակալությունը, ինչի համար ես էլ նրանց եմ շնորհակալ»: Այսօրվա ունեցածն էլ Էրիկը պատրաստվում է պահել իր աշխատանքով. «Եթե նույնիսկ այս մրցանակն այս տարի չստանայի, նորից շարունակելու էի աշխատել: Երբ «Նոր ալիքում» հաղթեցի, մարդիկ ինձ մոտենում էին եւ ասում՝ հպարտ եմ քեզանով, ես փորձել եմ այդ հպարտությունը նրանց մեջ պահել, ինձ թվում է՝ այն մարդիկ, ում ես խոսք եմ տվել այդ ամեն ինչը պահել, մի քանի օր առաջ ինձանով եւս մեկ անգամ հպարտացան»,- ասում է նա:
Էրիկ Կարապետյանը մեծ ոգեւորությամբ է պատմում ստեղծագործական կյանքի մասին, անելիքներ շատ ունի, իսկ անձնական կյանքի մասին խոսելիս հապաղում է. «Հիմա իմ անձնական կյանքում ոչինչ չի կատարվում, միգուցե ինչ-որ բան նախկինում եղել է, հիմա ոչինչ չկա»: