Երևանյան մշակութային անցուդարձի հորձանուտում հասցրի այցելել Բոյաջյան պատկերասրահում գործող և արդեն փակվող “Սինթեզ” ցուցադրությանը: Այն ներառում էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 6 երիտասարդ շրջանավարտների աշխատանքներ, որոնք միահամուռ ուժերով փորձել էին սինթեզել ներդաշնակ էքսպոզիցիայի սահմաններում:
Էքսպոզիցիոն մշակույթը 21-րդ դարում շատ հեղհեղուկ և ոչ միանշանակ երևույթ է: Այժմ երիտասարդ կուռատորներն ու պատկերասրահների ղեկավարները ամբողջ աշխարհում ձգտում են հանդես գալ արվեստաբան-արվեստագետ դիրքից` իրենց ստեղծած էքսպոզիցիան դարձնելով ինքնուրույն արժեք: Դա ենթադրում է, որ ցուցադրությունը անհրաժեշտ է կառուցել այնպես, որպեսզի այն ընկալվի իբրև ամբողջական մի երևույթ ` սեփական գեղագիտական արժեքով: Այն պետք է ունենա գեղարվեստական և գեղագիտական բովանդակություն և սյուժե:
Սա ի միջիայլոց, իսկ ինչ վերաբերում է մեր երիտասարդ արվեստագետներին, ապա նշեմ, որ փորձը բավական հետաքրքիր էր և համարձակ: Երկու սրահից բաղկացած ցուցադրության շրջանակներում համադրել գեղանկար, գրաֆիկա, քանդակ և կերամիկա, ինչ խոսք, դյուրին գործ չէ: Ցուցադրության մեկ-երկու “պատեր” բավական ներդաշնակ էին և որոշ հատվածներում, անշուշտ, կարող եմ ասել, որ էքսպոզիցիայի գլխավոր մտահղացումը իրագործված էր:
Ներկայացված գեղանկարիչներ` Լիլիթ Արսենյանի և Աշխեն Քուրդյանի, գրաֆիկներ Հասմիկ Հոխանյանի և Մանվել Ղալաչյանի, քանդակագործներ Վահան Գալստյանի ու Ալեքսանդր Բադալյանի աշխատանքներում ես գտա շատ հետաքրքիր և իրապես վարպետորեն կատարված գործեր:
Կային իհարկե, նաև, թույլ, որևէ գեղագիտական հենքից զուրկ աշխատանքներ, որոնց գոյությունը հասկանալի և ըմբռնելի է, սակայն ոչ ցուցադրության սահմաններում:Օրինակ Մանվել Ղալաչյանի որոշ փայլուն գործերի կողքին ցուցադրված էր նաև ակադեմիական և նատուռալիստական ճշգրտությամբ կատարված, անշունչ մի գրաֆիտե դիմանկար, որի ներկայությունը այդ այդ սրահում առնվազն անհարիր էր:
Ես չտեսա էքսպոզիցիայի կենտրոնական գաղափար, չկար աշխատանքների թեմատիկ, ոճային, կառուցվածքային կամ նույնիսկ կատարողական բաժանման կամ խմբավորման սկզբունք: Չկար ցուցադրության զարգացման դինամիկ ընթացք, առկա էին նույնիսկ տարրական տեխնիկական սխալներ, որոնք դժվարացնում էին օրինակ քանդակների ազատ դիտման գործը, իսկ որոշ գրաֆիկական գործեր ճնշվել էին երկու մեծադիր գեղանկարչական աշխատանքների միջև:
Այս ամենով հանդերձ կարևոր է այն փաստը, որ կային որակյալ աշխատանքներ, որոնք գրագետ և էքսպոզիցիոն էթիկայի համաձայն ցուցադրվելու դեպքում շատ վառ են ու անհատական մեծ ներուժ ունեն:
Հարգելի երիտասարդ արվեստաբաններ և ապագա փորձագետներ, վարեք առավել բաց, մատչելի և լայնարձակ գործունեություն, կանգնեք ձեր հայրենակից արվեստագետների կողքին, օգնեք նրանց գրագետ ներկայացնելու սեփական արվեստը… օգնեք, որպեսզի այս արվեստագետների հետզհետե կայունացող ու վարպետության նոր մակարդակ տեղափոխվող արվեստը չխամրի, այլ ըստ արժանվույն գնահատվի, ներկայացվի, պրոպագանդվի և արժևորվի:
ani