Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնահոսի թողնված գիտությունից մինչեւ «սպանված» ֆիզիկայի ինստիտուտ

Ապրիլ 19,2012 17:17

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով մասնակցում էր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին, այսօր Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ ՀՀ գիտությունների ակադեմիան նվազագույն ֆինանսական ապահովման պայմաններում անգամ կարողանում է միջազգային ասպարեզում զարմանալիորեն պահպանել իր պատշաճ տեղն ու դերը: Նրա կարծիքով. «Դա կատարվում է միայն մեր գիտաշխատողների նվիրական աշխատանքի շնորհիվ: Ցավոք, մի իրավիճակ է ստեղծվել, որ վասն հայրենյաց գիտություն զարգացնել հնարավոր չէ, եւ այս պայմաններում թողնել գիտությունը ինքնահոսի ու չապահովել համապատասխան ֆինանսավորմամբ, կարող է ծանր անդրադառնալ ակադեմիայի վրա»:

Քանի որ այսօր ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց, թե աշխարհի գիտական քարտեզի վրա Հայաստանը տեղ ունի հիմնականում ֆիզիկայի շնորհիվ, միջոցառման մասնակից, ՀՊՃՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արա Ավետիսյանից հետաքրքրվեցին, արդյոք արդարացվա՞ծ էր կառավարության որոշումը Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան վերակազմավորել հիմնադրամի՝ այդպիսով «սպանելով» Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը: Պարոն Ավետիսյանն ասաց, թե չի կարծում, որ Հայաստանն աշխարհին ներկայացվել է միայն Ֆիզիկայի ինստիտուտով. «Հայաստանում այդպիսի 7-7,5 կտոր ունենք, 2 նման ինստիտուտ ունենք Աշտարակում, ճարտարագիտական կենտրոն ունենք, որը միացվեց ասածներից մեկին, կա Ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտ: Միայն Երեւանի ֆիզիկայի ինստիտուտով չէ, որ Հայաստանը ներկայացվել է աշխարհին: Այսօր գիտությունից կիրառական խնդիրների լուծում է պահանջվում, նորամուծություններ տնտեսության մեջ եւ դրանց արդյունավետությունը գերխնդիր է դարձել: Եթե սրան չգնանք, ժամանակը մեզ չի ների, այս իմաստով փորձ արվեց ֆիզիկայի ինստիտուտներին ավելի կոնկրետ կիրառական դերակատարում տալ տնտեսության մեջ: Կարծում եմ՝ զրնգուն ներկայացված ծրագրերի արդյունքը պետք է ունենանք առաջիկայում, հակառակ դեպքում անհասկանալի կլիներ լավ գիտական կենտրոնը զուտ կիրառական դաշտ տեղափոխելը»:

Ակադեմիայում հանդիպեցինք նաեւ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Ժորժ Ալեսյանին եւ Զատիկ Մուրադյանին:

Ժորժ Ալեսյանը Փարիզի աստղադիտարանի աստղագետ է, որը ցանկություն ունի լայնորեն համագործակցել հայ գործընկերների հետ: Առաջիկայում նրա նախաձեռնությամբ երիտասարդ աստղագետ Սաթենիկ Ղազարյանը կվերապատրաստվի ու կաշխատի Փարիզում:

Զատիկ Մուրադյանը եւս Փարիզի աստղադիտարանի աշխատակից է, ասում է ՝ 1990-ից համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ: Երիտասարդների հետ կապված ծրագրեր ունի, ափսոսում է, որ ֆինանսավորում չլինելու պատճառով դրանք հետաձգվել են առնվազն մեկ տարով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30