Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուկն «անակնկալով» կամ իշխանը քար ուտո՞ւմ է

Ապրիլ 19,2012 16:35

Երեւանյան սուպերմարքեթներից մեկից գնված իշխանի մեջ օրերս շատ անսպասելի հայտնաբերվել է «գանձ»՝ ձկան փորոտիքն ուղղակի պայթում էր տարբեր «կարատների» քարերից:

«Անակնկալով» իշխանն Արկադի Գեւորգյանը գնել էր Տիգրան Մեծի պողոտայի վրա տեղակայված «Երեւան սիթի» սուպերմարքեթում: Վաճառողը տեղի ակվարիումում լողացող ձկանը որսալուց հետո ցանկացել էր մաքրել փորոտիքը, սակայն գնորդը խնդրել էր դա չանել՝ ցանկանալով հնարավորինս երկար թարմ պահպանել գնումը: Որտեղի՞ց իմանար, որ ապագա ընթրիքի «հերձումն» իրեն անասելի զարմացնելու է:

Տարօրինակությունները բացահայտվել էին, երբ Արկադին տեսել էր, որ ձկան փորի մասն անբնականորեն պինդ է, եւ մի թեթեւ սեղմելուց հետո՝ սկսել էին քարեր թափվել: Ընդհանուր առմամբ, ձկան փորոտիքում հայտնաբերվել էին մի դյուժին քարեր՝ տարբեր չափերի: Գնորդը չէր ծուլացել ու կշռել էր գտածոն: Պարզվել էր, որ «գանձը» կազմում է իշխանի կշռի ավելի քան 25%-ը: Ավելի ստույգ՝ ձկան քաշը 656 գրամ էր, իսկ նրանից հանված քարերը՝ 170 գրամ: Հաշվելը, թե որքան ավելի է վճարել գնորդը՝ կարծում ենք, դժվար չէ:

Պատասխանն այն հարցին, թե որտեղի՞ց իշխանի փորում հայտնվեցին քարերը՝ փորձեցինք ստանալ իխտիոլոգներից: Ձկնագետ Ա. Մխեյանը հավաստիացրեց, որ եթե անգամ կան տեսակներ, որոնք կարող են քարեր կուլ տալ՝ իշխանը երբեք չի ունեցել նման վատ «սովորություն»: Այս գիշատիչին մանրաքար ճաշակել կարելի է ստիպել միայն նրա զգունությունը բթացնելով, մասնավորապես՝ քարը պատելով նրա սիրած կերով: Մեզ նույնիսկ ճշգրիտ բացատրեցին, թե ինչպես է դա արվում: Խմորի կտորների մեջ լցնում են  կենդանի կերեր ու փակցնում քարերի վրա: Կերը ստամոքսում արագ մարսվում է, իսկ քարերը մնում են: Դրանցից ձերբազատվելը բավական դժվար է, ու նման բեռով ձուկը կարող է ակվարիումում լողալ տեւական ժամանակ:

Համաձայնեք՝ ստամոքսում քարերի առաջացման այս տարբերակը շատ ճշմարտանման չէ: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ խանութների ակվարիումներում, ուր նետում են ձկներին, այսպես ասած՝ ցպահանջ, քարեր էլ չկան: Ավելին՝ շատ տեղերում կենդանիներին ընդհանրապես չեն էլ կերակրում, որպեսզի քչացնեն ջուր կեղտոտող արտաթորանքները:
Ուստի հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է ինչ որ մեկն իրեն նեղություն տա նման բարդ նախապատրաստություններ տեսնելով, որոնց հետեւանքով ձկնիկը մի քանի հարյուր գրամ կծանրանա: «Երեւան Սիթի»-ում կտրականապես բացառեցին իրենց առնչակցությունը ձուկը ծանրացնելու գործընթացին: Խանութի մենեջերները մեր թղթակցին ասացին, որ ձկներն իրենց մոտ երկար չեն մնում՝ ողջ նոր տեսականին վաճառվում է բառացիորեն օրվա ընթացքում, ուստի իրենցից որեւէ մեկը ոչ ժամանակ, ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ունի նման բանով զբաղվել: Նրանք ենթադրեցին, որ ձուկն այս տեսքով է իրենց հասել մատակարարներից: Ըստ նրանց ենթադրության՝ երեւի ինչ որ մեկն ուրիշ բան ու գործ չուներ: Իսկ սուպերմարքեթի աշխատակիցներից մեկը նույնիսկ հիշեց, որ նման դեպք եղել է մեկ այլ խանութում: Մնում է հավատալ նրանց խոսքին:

Մարգարիտա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30