Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը` «Ուսումնական հաստատություններում «բուլինգի» երևույթը» թեմայով: «Բուլինգ» (bullying) անգլերենից թարգմանաբար նշանակում է հալածանք, վախեցում, արհամարհանք. դա սոցիալական երևույթ է՝ բնորոշ առավելապես դեռահասների խմբերին: 1996թ.-ից սկսած՝ աշխարհի տարբեր երկրներում ապրիլի երրորդ ուրբաթը նշվում է որպես լռության օր, որի նպատակն է՝ ուսումնական հաստատություններում ԼԳԲՏ՝ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց եւ այլ սոցիալական խմբերի նկատմամբ խտրական եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի վրա հասարակության ուշադրության սեւեռումը: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ նախագահ Մամինկոն Հովսեփյանը նկատեց, որ վերոհիշյալ երեւույթն առկա է հայաստանյան բոլոր ուսումնական հաստատություններում, սակայն դրա դեմ առանձնակի քայլեր չեն ձեռնարկվում. «Նվաստացնում են ոչ միայն երեխաները, այլեւ դասավանդողները: Մի տղա երեք դպրոց էր փոխել, որովհետեւ գեր էր եւ ուներ նուրբ արտաքին: Իսկ համալսարանում սովորող եզդի աղջկա կողքին հրաժարվում էին նստել համակուրսեցիները»:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ի սոցիալական աշխատող Նվարդ Մարգարյանի խոսքով՝ խտրականության դրսեւորումն առավելապես արտահայտվում է ծաղրով, բռնությամբ, վիրավորանքներով. «Նման վերաբերմունքի ենթարկվողները հակված են դուրս մնալ ուսումնական պրոցեսից եւ ունենալ ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներ: Մեր իրականության մեջ վիրավորանքը դիտվում է որպես սովորական երեւույթ, եւ արդյունքում քայլեր չեն մշակվում»: Նա հավելեց, որ ուսումնական հաստատություններում պետք է կազմակերպվեն հանդուրժողականությունը բարձրացնող եւ մարդու իրավունքների պաշտանությանն ուղղված քննարկումներ. «Օրինակ, դասղեկական ժամերի ընթացքում իրարից բողոքելու փոխարեն կարելի է այդ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել»:
Սեռական այլ կողմնորոշումներ ունեցող մարդկանց մասին Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ գեյ կամ լեսբի լինելը ոչ մոդա է, ոչ էլ սովորական երեւույթ. «Բայց եթե տրանսվեստիտները խանգարում են հանրային հանգիստը, ապա դա պետք է կանխարգելվի օրենքով»:
Բանախոսները նշեցին, որ վաղը՝ «Լռության օրը», կազմակերպության աշխատակիցները պահելու են լռություն եւ չեն տրամադրելու որեւէ ծառայություն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ