Այսօր ՄԱԱ-ում Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՀԱԿ-ն իր ողջ քարոզչության ընթացքում թիրախ է դարձրել ՀՀԿ-ին եւ ձեզ՝ ՕԵԿ-ին անվանելով «ՀՀԿ-ի կույրաղիքը»: Պարոն Շահգելդյանը պատասխանեց. «Ամեն մի քաղաքական ուժ նաեւառաջ պիտի խոսի իրենից, իրենք իրենց մասին պետք է մտածեն՝ որպես կույրաղիքի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, ելնելով բարոյական նորմերից, իր մասին պետք է նախ խոսի: Իրենց այս մոտեցումները ինքնին ցույց են տալիս մեր քաղաքական դաշտում իրական կույրաղիքի առկայությունը, խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին: Մենք մի բան ենք ասել՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ներկայացնի իրեն: Ներկայացրեք ձեզ, դուք խոսում ենք ուրիշի մասին, եթե ձեր մասին ասելու ոչինչ չունեք: Մենք ասելու բան ունենք, խոսում ենք ռեալիստորեն, մշտապես ասում ենք՝ սա սեւ է, սա՝ սպիտակ»:
Մհեր Շահգելդյանը նաեւ ասաց, որ իրենց քարոզչական հավաքների ժամանակ նայում են հավաքված մարդկանց աչքերի արտահայտությանը. «Այստեղ է, որ իմանում ես՝ «Օրինաց երկիրն» ունի լուրջ աջակցություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ