Այս տարի լրանում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115 եւ գրական գործունեության 100-ամյակը: Այդ առիթով այսօր «Երկու երես» ակումբում հյուրընկալվել էին Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը: Տիկին Հակոբյանը խոսելով կազմակերպվելիք միջոցառումների մասին՝ հայտնեց, որ իրենք ունեն չարենցյան խոշոր ծրագիր Երեւանի քաղաքապետարանի հետ. «Այն արդեն մեկնարկել է Եղիշե Չարենցի ծննդյան օրը: 38 դպրոցներում եղան չարենցյան դասեր: Դրանք իրականացրեցին ոչ միայն տուն-թանգարանի գիտաշխատողները, այլ նաեւ հայտնի գրականագետներ: Բացի գրական ստեղծագործություններից, շեշտը դրվել է նաեւ բանաստեղծի պատգամների ու նրա անձի վրա: Դասերն ընթացել են հարցուպատասխանի ձեւով: Կա կարծիք՝ երիտասարդները գիրք չեն կարդում: Սա եւս մեկ քայլ էր, որով փորձեցինք լրացնել այդ բացը»:
Թանգարանի տնօրենը հայտնեց, որ միջոցառումները կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերում: Տիկին Հակոբյանի խոսքով, ցանկություն ունեն չարենցյան ընթերցումներ կազմակերպել նաեւ Արցախում:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանն էլ ասաց. «Երեխաները Եղիշե Չարենցին ոչ միայն որպես բանաստեղծ պետք է ճանաչեն, այլ նաեւ հայ, ով ցույց է տալիս, թե ինչպես պետք է հաղթահարել կյանքի դժվարությունները: Միջոցառում կլինի Չարենցի կամարի մոտ: Առաջին անգամ անգլերենով կտպագրվի բանաստեղծի ստեղծագործությունների ընտրանին: Ցանկանում ենք առանձին գրքով, աշխարհի բոլոր լեզուներով թարգմանել Չարենցի «Ես իմ անուշ» ստեղծագործությունը: Այն 30 լեզվով արդեն տպվել է»:
Միջոցառումները կեզրափակվեն մեծ համերգով, որտեղ կհնչեն հայ մեծ Չարենցի խոսքերի հիման վրա գրված երգերը, ինչպես նաեւ այն ստեղծագործությունները, որոնք պոետն է սիրել:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ