Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանությունը ելք չէ ստեղծված իրավիճակից

Ապրիլ 19,2012 14:05

Ըստ մասնագետների, 2020թ.-ին աշխարհում ինքնասպանությունների տարեկան թիվը կհասնի 1,53 միլիոնի

Օրերս Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում «Մանանա» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ինքնասպանություն. մահացու մեղք, թե փրկության միջոց» թեմայով քննարկում: Երիտասարդների հետ զրույցը վարեցին հոգեբան Մարինա Սահակյանը եւ Մայր Աթոռի միաբան Ժորա սարկավագ Սարգսյանը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2010-11թթ. տվյալների, տարեկան ինքնասպանություն է գործում մեկ միլիոն մարդ եւ մոտ տասը միլիոնը՝ փորձ կատարում: Կազմակերպությունը կանխատեսում է, որ 2020թ.-ին ինքնասպանությունների տարեկան թիվը կհասնի 1,53 միլիոնի: Ներկայացնելով ինքնասպանության հոգեբանական դրդապատճառները՝ Մարինա Սահակյանը նշեց, որ կյանքի զարգացմանը համընթաց՝ փոփոխություններին չհարմարվելու հատկությունը հանգեցնում է պաթոլոգիկ վիճակի, ինչի արդյունքում մարդը դիմում է խնդիրների լուծման անհաջող միջոցի՝ ինքնասպանության: «Դեռահասների մահվան հիմնական պատճառների շարքում ինքնասպանությունը երրորդ տեղն է գրավում՝ դժբախտ պատահարներից եւ դիտավորյալ սպանություններից հետո: Ինքնասպաններն ինտելեկտի հետ խնդիրներ չունեն. այդ քայլին են դիմում թե աղքատներն ու հարուստները, թե գիտնականներն ու արվեստագետները»,- փաստեց հոգեբանը: Նաեւ հավելեց. «Ապացուցված է, որ ինքնասպանների մոտ հույսը զրոյական մակարդակի վրա է լինում: Ինչպես Նիցշեն է ասել՝ «Մարդն ինքնասպան է լինում ոչ թե տառապանքից, այդ դրա անիմաստ լինելուց»:

Անդրադառնալով Հայաստանում ինքնասպանություն գործելու ցուցանիշին՝ հոգեբանը նշեց, որ տարեկան մոտ 400 նման դեպք է պատահում, մինչդեռ դիտավորյալ սպանությունների թիվը հասնում է 70-ի: Մ. Սահակյանի խոսքով՝ կյանքին վերջ տալ ցանկացողները միանգամից չեն կայացնում այդ որոշումը. «Սկզբում մարդիկ «կառուցում» են մահվան տեսարաններ: Հետո ի հայտ են գալիս ինքնասպան լինելու մտադրությունները՝ որոշակի պլանի մշակմամբ»: Հոգեբանի հավաստմամբ՝ ինքնասպանության պատրաստվողների 75 տոկոսն ուղղակի կամ անուղղակի կերպով իմաց է տալիս իրենց քայլի մասին՝ խոսելով կյանքի անիմաստ լինելուց: «Բայց միշտ չէ, որ ինքնասպանությունը ելք է: Հաճախ ծնողին պատժելու համար են դիմում այդ քայլին կամ փորձում են ուշադրություն գրավել ու աջակցություն խնդրել»,- նշեց հոգեբանը եւ հավելեց, որ ինքնասպանները եսակենտրոն եւ թույլ կամքի տեր մարդիկ են, քանի որ չեն պայքարում իրավիճակից դուրս գալու համար: «Ինքնասպանության որոշում կայացնելը ենթադրում է կամային հատկանիշի առկայություն, բայց դա չի նշանակում, թե այդ մարդն ունի փորձությունը հաղթահարելու ուժեղ կամք: Փիղը վախենում է մկից, բայց դա չի նշանակում, թե փիղը մկից թույլ է»,- ասածը պատկերավոր ներկայացնում է Մ. Սահակյանը:

Խոսելով ինքնասպանության մասին Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումից, Ժորա սարկավագ Սարգսյանը նշեց, որ որեւէ ինքնասպանություն արդարացում չունի. «Ինքներս մեզ վրա ձեռք բարձրացնելով՝ աններելի մեղք ենք գործում Սուրբ Հոգու դեմ՝ բռնությամբ նրան մեր մարմնից դուրս հանելով: Աստծո ձեռքին են կյանքի սկիզբը եւ վախճանը: Ինքնասպանը կարող է մտածել, որ ազատություն ունի իր կյանքի վրա, բայց այդ ազատությունը ենթադրում է բարոյական պատասխանատվություն այն պարգեւողի՝ Աստծո առաջ: Ինքնասպանությունն Աստծո գոյության եւ հավիտենական կյանքի ժխտումն է»: Քննարկման մասնակից Հայկ Հարությունյանը նշեց, որ ինքնասպանության փորձ կատարողներին պետք է վերաբերվել ուշադրությամբ եւ կարեկցանքով. «Բոլորն էլ կյանքի որոշակի պահին մտածում են ինքնասպան լինելու մասին: Ընկերներիցս մեկն անհաջող փորձ էր արել, եւ դրանից հետո ես ավելի եմ սկսել կյանքն արժեւորել»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30