Լրահոս
Օրվա լրահոսը

Տպագրական բարձր որակ եւ վատ նկարազարդումներ

Ապրիլ 19,2012 13:58

Գրքերի դիզայնով զբաղվող նկարչի դիտարկումները

Վերջին շրջանում ակնհայտ է հայաստանյան որոշ հրատարակչությունների կողմից տպագրված գրքերի բարձր որակը: Սակայն նկարիչների շրջանում խոսվում է դրանցում հաճախ հանդիպող ցածրարվեստ նկարազարդումների մասին: Մասնագետները պնդում են, որ թանկարժեք գրքերի դիզայնը չի համապատասխանում դրանց բովանդակությանը, փաստում, որ որոշ դասագրքերի իլյուստրացիաներ արտատպված են դրսի հրատարակություններից:

«Առավոտը» այս թեմայով զրուցեց նկարիչ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի գեղարվեստի ակադեմիայի դոցենտ Վահե Գասպարյանի հետ: Նրա՝ Ի. Զիեդոնիի «Գունավոր հեքիաթները», Հ. Կորտամալիի «Պատմվածքները» եւ այլ գրքերի համար արված դիզայնը քանիցս ճանաչվել է լավագույնը ոչ միայն հանրապետական, այլեւ միջազգային մրցանակաբաշխություններում, իսկ 2011-ին նկարչի աշխատանքներով լույս տեսած՝ Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմը մեծ պահանջարկ ունի նաեւ արտերկրում: Վահե Գասպարյանը ունեցել է ցուցահանդեսներ Հայաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլուր:

Մեզ հետ զրույցում արվեստագետն ասաց, որ համակարծիք է իր կոլեգաների դժգոհությանը՝ մեզանում հրատարակվող գրքերի դիզայնի առումով: Նշեց, որ գրքի դիզայնը կամ նկարազարդումը առանձին մասնագիտություն է եւ Գեղարվեստի ակադեմիայում 3-րդ կուրսից գրաֆիկայի բաժնի ուսանողները ընտրում են կամ հաստոցային գրաֆիկան, կամ գրքի ձեւավորում մասնագիտությունը: «Նախկինում ուսանողները պրակտիկա էին անցնում տպարաններում, մի բան, որը մերօրյա ուսումնական ծրագրերից բացակայում է: Ստեղծվել էր կապ հրատարակչի եւ ապագա դիզայների միջեւ, նույնիսկ ուսանողները պատվերներ էին ստանում: Այժմ գրեթե խզվել է հրատարակիչ-Գեղարվեստի ակադեմիա կապը: Այսօր որոշ դասախոսներ սեփական նախաձեռնությամբ ուսանողների հետ այցելում են տպարաններ՝ այդպես լրացնելով բացը: Կարծում եմ, որ այս խնդրին շուտափույթ պետք է անդրադառնա համապատասխան գերատեսչությունը՝ տպարաններում անցկացվող պրակտիկան ներառելով ուսումնական ծրագրում»,- ասաց Վ. Գասպարյանը:

Մեր զրուցակիցը նշելով, որ մեզանում կան բարձրարվեստ մասնագետներ, հայտնեց, որ նրանցից շատերը չեն մասնակցում գրքերի ձեւավորման աշխատանքներին՝ չնչին վարձատրության պատճառով: «Մյուս կողմից էլ՝ հրատարակիչները, ելնելով գրքերի վաճառքից ստացված եկամուտներից, հնարավորություն չեն ունենում պատշաճ վարձատրել նկարչին, հետեւաբար ավելի քիչ միջոցներ հատկացնելով գրքերի նկարազարդումներին, բնականաբար, հրավիրում են ոչ բարձրակարգ մասնագետների»,- փաստեց արվեստագետը: Վահե Գասպարյանի հավաստմամբ՝ մեր մանկական գրքերի մեծ մասը «ագրեսիայի» է ենթարկվում օտար հեղինակների դրսից բերված ակնահաճո, ճաշակով, գրագետ ու բարձրարվեստ նկարազարդ գրքերի կողմից:

Անդրադարձ եղավ նաեւ դպրոցական դասագրքերի իլյուստրացիաներին. «Շատերում առկա նկարները երեխաների մոտ ոչ միայն հեռու են ճաշակ ձեւավորելուց, այլեւ պարզապես արտատպված են արտերկրում հրատարակված գրքերից»:

Վահե Գասպարյանին հուզում է նաեւ հայրենական մուլտֆիլմերի հերոսների արտաքինը. «Որոշ անիմացիոն ֆիլմերում նույնիսկ ծնողն է դժվարանում ճանաչել, թե ինչ կենդանիներ են, այնքան են դրանք աղավաղված: Մինչդեռ մուլտֆիլմերի հերոսները նաեւ իրենց արտաքինով պետք է բարի ու լուսավոր հետք թողնեն երեխայի վրա»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30