Սուրեն Շահվերդյանին անընդհատ խանգարում են
Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը (լուսանկարում) 2008-ի դեկտեմբերից այլեւս չի աշխատում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Նա ժամանակին իր ներկայացումներով պարբերաբար մասնակցել է հեղինակավոր միջազգային թատերական փառատոների: Այժմ էլ հրավերներ է ստանում արտերկրում ներկայացումներ անելու: «Առավոտի» հետ զրույցում բեմադրիչն ասաց, որ մի քանի օրից կմեկնի Գերմանիա՝ որոշ ստեղծագործական ծրագրեր այնտեղ իրացնելու: Հունվարի 20-ին Սուրեն Շահվերդյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը 2 նամակ էր ուղարկել, ասում է՝ մինչ օրս կոնկրետ պատասխան չի ստացել: Նամակներից մեկով Սուրենը թատրոնի ղեկավարությանը խնդրել է վերականգնել ըստ Սառա Քեյնի՝ իր բեմադրած «Փսիխոզ 4.48» ներկայացումը: «Այն չէր խաղացվում, որովհետեւ հեղինակային իրավունքների համար 2 տարի չէր վճարվել բավականին «մեծ»՝ մոտ 200 եվրո, թատրոնը եւ մշակույթի նախարարությունը չէին վճարել: Մի քանի նամակներից հետո ես պայմանավորվածություն ձեռք բերեցի 2 տարի խաղալ այդ ներկայացումը անսահմանափակ թվով, վճարելով ընդամենը 80 եվրո: Ասացի՝ ինքս կվճարեմ, մանավանդ ես եւ թատրոնի երիտասարդները ցանկանում էինք, որ այն անպայման վերականգնվեր: Հունվարի 28-ին թատրոնից նամակ եկավ, թե իմ հարցադրումը շուտափույթ կքննարկվի մոտակա գեղխորհրդում: Ու էդ շուտափույթը մինչեւ հիմա չի եղել»,- պատմեց Սուրենը: Նա հավելեց, որ այդ ընթացքում Պրաhայի Apostrof փառատոնից իրեն խնդրել են որեւէ գործ ներկայացնել, ինքն էլ նկատի է ունեցել «Փսիխոզը»: Բայց քանի որ այն Սունդուկյան թատրոնի ներկայացումն էր, փառատոնի կազմակերպիչներից խնդրել է մինչեւ ապրիլի 10-ը իրեն ժամանակ տալ: «Ապրիլի 10-ին ոչ մի պատասխան չունեի թատրոնից, մի քանի անգամ բանավոր ասել էին, թե դեռ գեղխորհուրդ չի եղել, չենք կարող պատասխանել: Իսկ իմ պնդումներին՝ ի՞նչ կապ ունի գեղխորհուրդը դրա հետ, երբ «Փսիխոզ 4.48»-ը խաղացանկային ներկայացում էր, մասնակցել է բազում փառատոների, բարձրացրել Սունդուկյանի դրոշը, հաղթանակներով վերադարձել, գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը պատասխանել էր, որ այլեւս բոլոր հարցերը քննարկում է միայն գեղխորհուրդը: Հիմա ապրիլի 18-ն է, էլի սպասում եմ էդ նամակի պատասխանին»,- երեկ հեռախոսով ասաց Սուրեն Շահվերդյանը: Մայր թատրոնի ղեկավարությանն ուղարկած հաջորդ նամակում էլ բեմադրիչը խնդրել է հնարավորություն ընձեռել ինքնուրույն բեմադրություն անել մեծ բեմում (Շեքսպիրի «Օթելլոն»), իսկ թատրոնի ձմեռային այգում բեմադրել Թեննեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոցը»: Սուրեն Շահվերդյանն ասում է, որ այդ «մասով» էլ դեռ պատասխան չի ստացել, իսկ Պրահայի փառատոնին, հասկանալի պատճառներով, չի մասնակցել:
Գ. Սունդուկյան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ Սուրենի նամակներին իրենք պատասխանել են, նոր ներկայացումներին վերաբերող հարցն էլ գեղխորհուրդը պետք է քննարկի, ինչ վերաբերում է «Փսիխոզ 4.48»-ին, տնօրենի խոսքով. «Այն իրեն չի արդարացրել, դրա համար էլ հանվել է խաղացանկից»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ