Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարալիկում մնացել են միայն «մեռելների վրա նվագողները»

Ապրիլ 19,2012 13:47

 ՀՅԴ-ին կհաջողվի՞ փրկել կործանվող մարզերը

Մարալիկցիները պարապ էին, դրա համար էլ եկել էին լսելու, թե ով ինչ է ասում:

Երեկ Մարալիկի կենտրոնական հրապարակում Գագիկ Ծառուկյանին ունկնդրելու եկած բնակիչները մեզ դժգոհեցին, որ քաղաքը դատարկվում է, ինչ կա-չկա՝ ձեռքերից խլում են, իսկ կուսակցություններից եւ ոչ մեկը գործնական ոչինչ չի ձեռնարկում: «Այս քաղաքը ժամանակին 10 հազար բնակչություն ուներ, հիմա 5 հազար չկա, հավատացեք, մինչեւ ընտրության օրը մարդ չի մնա, որովհետեւ էսօր ելույթ լսողների մեծ մասը Ռուսաստանի տոմսերը ջեբերը դրած են եկել: Սա ապրելու տեղ չէ, ճամփեքով անցնել չի լինի, էնքան քարուքանդ են, որ գլուխդ կջարդվի, քաղաքը մի հիվանդանոց ուներ՝ փակեցին, դիահերձարանի եղածն ի՞նչ էր, անգամ դա տարան՝ Գյումրի հասցրին: Ամոթ է ասելը, մարդ մեռնի, մեռելդ շալակդ առած էդ «հրաշք» ճամփեքով Գյումրի պիտի հասնես: Քուր ջան, էս քաղաքում, եթե, իհարկե, կարելի է քաղաք կոչել, մնացել են միայն մեռելի վրա նվագողները, միայն նվագողներն են ներսից, սաղ ծառայությունները դրսից են»,- դժգոհում էին մարալիկցիները: Նրանց պնդմամբ՝ իրենց դիահերձարանը նորմալ վիճակում է, բայց այն կենտրոնացրել են Գյումրիում՝ փող աշխատելու համար: Նրանք նաեւ դժգոհում էին, որ Մարալիկից տարել են նոտարական գրասենյակն ու կադաստրը, բացի դատարանից ու ոստիկանության շենքերից՝ այս քաղաքում ոչինչ չի մնացել: «Մեզ ձեռ են առնում, ուրիշ ոչինչ, էս Ծառուկյանին էլ թվում է, թե մարալիկցիներն էնքան են հիացել ու հավատացել, որ եկել-կանգնել են: Եթե անասունին կեր տալու ժամ լիներ, ստեղ 2 հոգի էլ չէր հավաքվի, գյուղացի մարդ են, պարապ են, եկել են ելույթ լսեն»,- անկեղծանում էին մեր զրուցակիցները: Մարալիկցիները նաեւ դժգոհում էին իրենց «դեպուտատից», որի երեսը ընդհանրապես չեն տեսել: Նրանցից մեկը նույնիսկ առաջարկեց՝ եկեք գրազ գանք, թե Մխիթար Վարագյանին ճանաչող լինի, ես ձեր ուզած գումարը տամ: «Ես մի բան եմ հասկացել, որ էս թեկնածուները չեն ուզենա, որ ժողովուրդը հարստանա, եթե հարստանա, կանկախանա, ձեռքը չի տնկի ու իրենցից փող չի ուզի, իսկ սա իրենց հաստատ պետք չէ»,- դժգոհում էր նրանցից մեկը:

Նշենք, որ Մարալիկը, Ամասիայի ու Աշոցքի շրջանների գյուղերի համեմատ, իդեալական վիճակում է: Շիրակի մարզի սահմանամերձ այս շրջաններում այնքան մարդ չի մնացել, որ կուսակցությունները նույնիսկ հարկ չեն համարում գնալ քարոզարշավի. նրանք փաստացի անտեղի ժամանակ, միջոցներ են ծախսելու ու փոխարենը ոչ մի ընտրազանգված ձեռք չեն բերելու: Ի վերջո՝ ի՞նչ է լինելու մարզերի վիճակը:

Մարզերի համաչափ զարգացման համար մի քանի օրինագծեր մշակած դաշնակցական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը երկու օր առաջ Արթիկի կենտրոնական հրապարակում խստորեն քննադատեց հայրենի իշխանությանը, որը 5 տարի խոսեց մարզերի համաչափ զարգացման մասին, բայց ամբողջ հարստությունն ու ներուժը դարձյալ Երեւանում կենտրոնացրեց՝ դատարկելով գյուղերը: Պատգամավորի ասելով՝ իրենց կուսակցությունը առաջարկել է մարզերում բարձրացնել աշխատողների աշխատավարձը՝ հավելավճարի ձեւով, մինչեւ 10 տոկոս, արտոնյալ վարկեր տրամադրել մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն զբաղվել մանր ու միջին բիզնեսով: «Դաշնակցության համար գերխնդիր է հայ մարդուն Հայաստանում պահելը: Եթե մեր գյուղերը մենք այսօր չկարողանանք բնակեցնել, չկարողանանք երիտասարդությանը գյուղում պահել, ապա դա նույնքան ազգային անվտանգության խնդիր է, որքան արտաքին քաղաքականության մեջ մեր մեծ հաջողությունները»,- ասաց պատգամավորը: Հանդիպումից հետո մենք տիկին Առաքելյանին հարցրինք՝ մի՞թե Դաշնակցությունից բացի, մարզերը փրկելու ուղղությամբ մյուս քաղաքական ուժերը մատները մատներին չեն խփել, այս թեման իրո՞ք հետաքրքիր չէ ոչ մեկին: «Չէ, մատները մատներին խփել են, բայց երբ որ մի սկզբունքային հարց ես դնում, եւ այդ սկզբունքային հարցը գործի իմաստով ակնհայտ չէ, արդեն մտածում ես, որ այդ մասին խոսվել է համակրանք շահելու համար: Բայց մարզերի համաչափ զարգացումը արտահայտվեց կոնկրետ օրինագծերով, ճիշտ է՝ ես եմ հեղինակել, բայց ի վերջո մեր խմբակցության վերլուծության արդյունքում է դա եղել: Ամենակարեւոր օրինագիծը, որ արդեն նախագահի վավերացմամբ գործելու է, լեռնային, բարձր լեռնային եւ սահմանամերձ հատվածում անվճար կրթության իրավունքն է: Այս պայմանով նրանք պարտավորված կլինեն վերադառնալ, աշխատել տվյալ գյուղում 5 տարի: Բայց որպեսզի թյուրիմացություն չլինի, պահանջարկ պիտի լինի մասնագիտության, անպես չէ, որ 5 տեղ ներկայացվի սոցիոլոգիայի, բայց այդ աղջիկը կամ տղան գյուղում աշխատանք չունենա»,- մանրամասնեց պատգամավորը: Ըստ նրա՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզերում հատկապես 3 մասնագիտությունների պահանջարկ կա՝ բժշկի, ուսուցչի, գյուղատնտեսի: «Որքան էլ աբսուրդ է, Երեւանում ամեն տարի գիտե՞ք, թե որքան ուսուցչի մասնագիտությամբ շրջանավարտներ ենք ունենում, բայց Հայաստանի Հանրապետությունում գյուղ կա, որ քիմիայի ուսուցիչը 3 առարկա է դասավանդում»,- ասում է պատգամավորը: Նրա ներկայացմամբ՝ ՀՅԴ-ն նաեւ առաջարկում է Շահութահարկի մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնել, ըստ որի՝ նա, ով ցանկություն հայտնի սահմանամերձ ու բարձր լեռնային գյուղերում զբաղվել բիզնեսով, առաջին 10 տարում կազատվի հավելավճարից: «Գիտեք, ես չեմ թերագնահատում մյուսների գործը, բայց ես, որպես պատգամավոր եւ հայ մարդ, հավատում եմ գործին, խոսել բոլորս կարող ենք եւ շատ գեղեցիկ, նախընտրական ծրագրեր գրել, գալ ժողովրդին գեղեցիկ խոստումներ տալ, բայց ժողովրդին ինչպե՞ս պետք է հավատացնել՝ միայն գործով, հերիք է խաբեն, գործդ դիր իմ դիմաց եւ ասա՝ ինձ հավատա»,- ՀՀԿ-ին ակնարկեց Ռուզաննա Առաքելյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30