Ըստ առաջին նախագահի՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ձայնի քվեն ոչ թե 20 հազար դրամ է, այլ 10 հազար դոլար
«Ամեն ազգ արժանի է իր իշխանությանը»,- երեկ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում այս հին ու ըստ իրեն՝ դաժան իմաստնությունն իր ելույթում մեջբերեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ դիմեց հավաքվածներին. «Ո՞վ է այս իշխանությունը՝ Շմայսը, Նեմեցը, Լֆիկը, Սերժիկը, Սաշիկը, Մուկը… դուք արժանի՞ եք այդ իշխանություններին»: Հետեւեց հավաքվածների միահամուռ արձագանքը՝ «Ոչ»: Հավաքվածներից մեկն էլ վրա բերեց. «Բայց ո՞վ բերեց նրանց»: «2003-ին դուք բերեցիք, 1998-ին դուք ընտրեցիք: Ես եմ բերել Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ: Ես նրան նախագահ չեմ բերել: Նախագահ այս շլյապավոր մարդն է նրան ընտրել»,- մատնացույց անելով հարցը հնչեցնողին՝ պատասխանեց ՀՀ առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ նա, ով ձայն կտա ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին, կդառնա իշխանությունների հանցակիցը եւ այլեւս իրավունք չունի որեւէ մեկին մեղադրելու: Այս հայտարարությունն ընդունվեց ծափերով: «Սարդարապատում դուք կանգնեցրել եք թուրքին, դրանով փրկել եք այս երկիրը, եւ ստեղծվել է այս պետությունը»,- պատմական էքսկուրս կատարեց առաջին նախագահն ու նկատեց. «Եթե դա արել եք՝ սրանք ո՞վ են: Թուրքից ավելի՞ ուժեղ են, ավելի՞ խելոք են, ավելի՞ ճարտար են, ավելի՞ խորամանկ են: Ոչ: Անգրագետ, տգետ մարդիկ: Նայեք խորհրդարանի կազմը: 131-ի կեսը, ես վստահեցնում եմ ձեզ, դպրոցը չի ավարտել: Մյուս կեսի կեսը մի քանի տարի մնացել է նույն դասարանում: Հետո նրանք բարձրագույն կրթության դպլոմներ են առել, գիտությունների թեկնածուի, դոկտորի կոչումներ են գնել, եւ այդ մարդիկ այսօր իշխում են ձեզ»: Առաջին նախագահը նաեւ նկատեց, որ 131 պատգամավորներից 76-ը գործարարներ են, ինչը ՀՀ Սահմանադրությամբ արգելված է, ու շարունակեց. «Միայն խորհրդարանում կա 80 միլիոնատեր: Դրամի միլիոնատեր չէ, դրամի միլիոնատերն ի՞նչ է: Դոլարով: Եվ մի քանի միլիարդատեր: Որտեղի՞ց նրանց այդ փողը: Ձեր գրպաններից: Ձեզ ընտրությունից ընտրություն 20 հազար դրամ են առաջարկում, 4-5 տարվա իշխանություն են ուզում, ամեն տարի յուրաքանչյուրիցդ գողանում են երկու հազար դոլար: 20 հազար դրամի դիմաց նրանք 10 հազար դոլար են գողանում ձեզանից յուրաքանչյուրից: Եթե գալիս են՝ 20 հազար դրամ են առաջարկում՝ պահանջեք 10 հազար դոլար. սա է ձեր ձայնի գինը, ձեր քվեի գինը: Եվ հիմա ի՞նչ. էլի պիտի լսենք, ասենք, ոգեւորվենք ու գնանք էլի ընտրակաշառքը վերցնենք ու էս գողերին, սրիկաների՞ն ձայն տանք»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ մայիսի 6-ը մի նոր Սարդարապատ է՝ «կամ կանգնեցնում ենք թշնամուն, կամ վիզ ենք ծռում նրա առջեւ եւ կորցնում ենք մեր երկիրը»: «Պարտավոր ենք հաղթել»,- առաջին նախագահին ի պատասխան՝ ձայնեց հավաքվածներից մեկը: Տեր Պետրոսյանն էլ պատասխանեց. «Պարտավոր ենք, ուրեմն՝ հաղթենք: Հաղթելու մի ձեւ կա: ՀԱԿ-ն ապացուցել է, որ չորս տարի միակ ուժն է եղել, որ համարձակվել է բռնապետության դեմ դուրս գալ՝ չվախենալով ոչ գնդակոծություններից, ոչ էլ մարտերից: Մենք պաշտոններ ունեցել ենք: Ի՞նչ է, գալիս ենք դեպուտատ դառնալո՞ւ»:
Իսկ Էջմիածին քաղաքում ՀԱԿ-ի հետ հանդիպման եկածներին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ողջունեց՝ ասելով, որ անգամ վախի առկա մթնոլորտում համարձակվել են գալ՝ իբրեւ իրենց երկրի ապագայով իսկապես մտահոգ մարդիկ: Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Այս տարածքի բնակիչ է նաեւ ՀՀԿ-ի կողմից հովանավորվող եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված գեներալ Սեյրան Սարոյանը: «1998-ից մինչեւ այսօր 1 մլն հայ լքել է իր հայրենիքը: Լքել է ոչ կամավոր, ժողովրդին դրել են այնպիսի պայմանների մեջ, աղքատացրել, խեղճացրել, խեղդել են մանր ու միջին բիզնեսը, գյուղացուն հողազուրկ են դարձրել, նրանց հողը, տունը գրավի տակ են դրել, նրան անճար թողել: Սա թուրքի գործ է»,- Էջմիածնում ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա իր նախորդներին նաեւ մեղադրեց Ղարաբաղը դատարկելու մեջ. «Ղարաբաղի բնակչությունն այնքան է նվազել, որ ես կասկածում եմ, որ այդ բնակչությունն ի վիճակի կլինի պաշտպանել իր հողը»: Ապա նաեւ՝ բանակի թվաքանակը կրճատելու: Նրա խոսքերով՝ իր ղեկավարած իշխանության ժամանակ ազգային բանակը բաղկացած էր 78.000 զինվորից, իսկ հիմա բանակն ունի 50.000 զինվոր: Այս իրավիճակում, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ավելորդ է խոսել Ղարաբաղի եւ ոչ մի թիզ հող չզիջելու՝ իշխանությունների հայտարարությունների մասին: Հետո ՀԱԿ առաջնորդը նշեց, որ Հայաստանի պատմության մեջ սկսած 1921-ից՝ Մյասնիկյանի ղեկավարության տարիներից, ոչ մի իշխանություն իր ժողովրդին չի գնդակոծել, նրա վրա զենք չի բարձրացրել, մինչդեռ այս իշխանությունները 2008-ի մարտի 1-ին 10 մարդ սպանեցին: Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Լեւոն Տեր-Պետրոսյանը համեմատեց երիտթուրքերի եւ Ստալինի հետ, ովքեր նույնպես բռնի տեղահան էին անում հայերին:
Կարդացեք նաև
Իրենց ելույթներում իշխանությանը սուր քննադատության ենթարկեցին նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունն արժանացավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի քննադատությանը: Իսկ Մեծամոր քաղաքում առաջին նախագահն ու նախկին վարչապետը խոսեցին նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտության մասին: Առաջին նախագահը պատմեց, որ ժամանակին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ «լուրջ պայմանավորվածություններ» են եղել ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման շուրջ: Սակայն 1998-ի իր հրաժարականով այդ պայմանավորվածությունները անիրագործելի են մնացել: «Սրանք իրենց իշխանության գալու առաջին օրվանից սկսեցին խոսել, որ նոր ատոմակայան են կառուցելու: Սերժ Սարգսյանի նախորդ նախընտրական ծրագրում դա կար, դա ներկայացվում էր որպես մի հրաշք, ինչպես Մեղրիից Երեւան եկող երկաթուղին, չգիտեմ՝ Իրանի սահմանին մի հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիր եւ այլն: Այս հեքիաթներով կերակրեցին ժողովրդին 4-5 տարի, հիմա նորից հեքիաթներով ուզում են 4-5 տարի մնալ իշխանության: Կարո՞ղ եք ասել` ի՞նչ արեցին այդ միլիարդները: Շքեղ պալատներ կառուցեցին, ամենաթանկ մեքենաները գնեցին, ոսկե շղթաներ կախեցին թեւերին, վզերին եւ Ռոբերտ Քոչարյանի հանճարեղ գաղափարով սկսեցին հսկայական երկնաքերեր կառուցել Երեւանում: Դրանով հպարտանում էր, տալիս երկնիշ տնտեսական աճի ցուցանիշներ եւ այլն: Հիմա ի՞նչ եղան այդ երկնաքերերը: 100 հազարավոր քառակուսի մետր բնակելի տարածքներ այսօր դատարկ են: Միայն այդ շենքերի վրա ծախսված գումարը բավական էր, որ Հայաստանում 2 ատոմակայան կառուցվեր: Եթե այդքան փող ունեին, ուրիշ ներդնելու տեղ չկա՞ր»,- ասաց ՀՀ առաջին նախագահը՝ հավելելով, որ տարեկան մեկ միլիարդ դոլար է Հայաստանից արտահանվում: «Եկեք մեր ձեռքով մեր երկիրը չկորցնենք ու վերջապես թոթափենք այս խայտառակ լուծը: Կամ ամսի 6-ին մենք սրանց վռնդում ենք այս երկրից, կամ դուք ձեր ձեռքով եք կորցնում էս երկիրը»,- եզրափակեց առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ կոչ էր անում ձայն տալ մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ-ի առաջադրած թեկնածուների օգտին:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ