Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ում դեմ է քարոզում

Ապրիլ 19,2012 13:33

Երեկ «Գելափի» հրապարակած սոցիոլոգիական հարցման տվյալները տարօրինակ կերպով լայն արձագանք չեն գտել քաղաքական ուժերի կողմից: Կամ արդյունքները բոլորին ձեռնտու են, կամ էլ, ձեռնտու չլինելով հանդերձ, արժանահավատ են թվում: Այդ արդյունքներից, մասնավորապես, պարզ է դառնում, որ բացի երեք մանր կուսակցություններից, որոնք, շատերի կարծիքով, ներդրվել են իշխանությունների կողմից՝ ՀԱԿ-ի մասին փիս-փիս բաներ ասելու համար, մնացած քաղաքական ուժերը կարող են պայքարել ԱԺ-ում հայտնվելու համար:

Ըստ այդ հարցման՝ «պրեմիեր լիգայում» են, ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Թերեւս ապարատային, կազմակերպչական եւ նյութական մակարդակով նրանց միջեւ պայքար է ընթանում, բայց արտաքուստ, համենայնդեպս, նրանք իրար դեմ չեն խոսում: Ընդ որում, ԲՀԿ-ն շահեկան վիճակում է նաեւ այն պատճառով, որ նրա դեմ չի խոսում նաեւ ՀԱԿ-ը՝ որոշակի հույսեր է կապում այդ կուսակցության հետ: Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս հրապարակավ հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը: Նա, իմ կարծիքով, ինչպես միշտ, կխոսի այն մասին, թե որքան ծաղկուն էր երկրի տնտեսությունն իր ժամանակ, եւ որքան վատն է վիճակն այսօր: Նա, հավանաբար, կասի նաեւ, թե որքան կարեւոր է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելը, ընտրակաշառք չբաժանելը եւ վարչական ռեսուրս չօգտագործելը: Նախկին նախագահները սովորություն ունեն մոռանալու, թե ինչպես են ընտրություններն անցել իրենց իշխանության օրոք: Բայց կարեւոր է ոչ այնքան այն, թե ինչ կասի երկրորդ նախագահը, այլ այն, թե ինչպես, ինչպիսի ինտոնացիայով է նա իր մտքերը շարադրելու: Դրանից կախված՝ վերջին շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ի հռետորաբանությունը կկարծրանա կամ կմնա նույնը:

Հարցման տվյալներով՝ երկրորդ էշելոնի կուսակցությունները հիմնականում ընդդիմադիր են: Բնականաբար, նրանք քարոզում են հիմնականում իշխանության դեմ, ընդ որում, ՀԱԿ-ը՝ ճիշտ այն բառապաշարով, ինչպես 90-ականներին ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը եւ մնացածները քարոզում էին ՀՀՇ-ի դեմ՝ «երիտթուրքեր», «թալանչիներ», «սրիկաներ», «հանցագործներ» եւ այլն: Այսօրվա Դաշնակցության (ինչպես նաեւ «Ժառանգության») քննադատությունն ավելի սոլիդ է՝ չգիտեմ, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ: Բայց հաստատ կարող եմ ասել՝ արդյունավետ չէ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»՝ իրար դեմ քարոզելը եւ «իշխանությանը ծախվելու» ակնարկներ անելը: Կուսակցությունները, որոնք, ըստ «Գելափի» հարցումների, ունեն 9, 5 եւ 3 տոկոսանոց վարկանիշ, իրարից «ընտրող փախցնելու» խնդրով չպիտի տարվեն, այլ, իմ կարծիքով, պիտի ակտիվացնեն դեռեւս չկողմնորոշված քաղաքացիներին:

Ակնհայտ է՝ որքան շատ ընդդիմադիրներ լինեն խորհրդարանում, այնքան լավ: Ի դեպ, ի տարբերություն ցուցակների, որոնցից ոչ մեկը ինձ դուր չի գալիս, մեծամասնական կարգով ես պատրաստվում եմ ձայնս տալ ընդդիմության (տվյալ դեպքում՝ ՀԱԿ-ի) ներկայացուցչին: Իշխանությունը «ճակատի զոռով» պահպանել է այդ ընտրակարգը՝ թող մի քիչ տուժեն դրանից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30