Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար, Գաբրիել Բալայանը թեև շնորհակալ է, որ Կրթության և գիտության նախարարությունը, իմանալով հանդերձ, որ ինքը նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի թիմակիցն է, այդուհանդերձ, հենց իրեն է նշանակել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում, սակայն դեռ բուհի ռեկտոր է համարում Սուրեն Զոլյանին։
«Նախարարը հրաման է արձակել, որ ես լինեմ պաշտոնակատար: Այսօր աշխատանքի է եկել նաև Սուրեն Զոլյանը: Ես Սուրեն Զոլյան ռեկտորից ստացել եմ հանձնարարական՝ կատարել նախարարի հրամանը, և ես կատարում եմ: Պարոն ռեկտորն ինձ է փոխանցել նաև ֆինանսական բոլոր փաստաթղթերը, որոնք ես պետք է ստորագրեմ, սակայն ինձ համար ռեկտորը դեռ Սուրեն Զոլյանն է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԼՀ իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանը:
Հիշեցնենք, որ ԵՊԼՀ ռեկտորին ՀՀ կրթության և գիտության նախարարը երկու անգամ նկատողություն էր հայտարարել, որից հետո էլ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Սակայն վեջինս նախարարի որոշումը բողոքարկում է վարչական դատարանում։
Գաբրիել Բալայանը, ով փաստացի ղեկավարում է բուհը, իր աշխատասենյակը չէր փոխել, և ասաց, որ ոչ էլ մտադիր է։ «Ինչպես տեսնում եք, ես իմ աշխատասենյակը չեմ փոխել և մտադիր էլ չեմ փոխելու: Այսօր ես չեմ գործում ռեկտորի և Աշոտյանի արանքում, այլ ես գործում եմ բուհի շահերից ելնելով»,- ասաց Գ. Բալայանը:
Հարցին, թե վերջինս ինչ կարծիքի է Սուրեն Զոլյանի մասին, Գաբրիել Բալյանն ասաց, որ ինքը միայն դրական կարծիք ունի ռեկտորի մասին:
«Ես միանշանակ լավ կարծիք ունեմ պարոն ռեկտորի մասին, ես նրա թիմակիցն եմ, ես նրա հրավերով եմ եկել, իմ անձնական կարծիքն այն է, որ ես ցանկանում եմ՝ նա կրկին պաշտոնավարի մեր բուհում, և նրա պաշտոնավարման ընթացքում մեր բուհը հասել է միայն հաջողությունների»,- ասաց Գաբրիել Բալայանը:
Այսօր ԵՊԼՀ նախկին ռեկտորը մի ուղերձ է հղել ուսանողներին, որով կոչ է անում չբացակայել դասերից, քանի որ դա իր վրա վատ ազդեցություն կունենա:
ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չկարողացավ ընդունել Tert.am-ին։ Ըստ ռեկտորի պաշտոնակատար Գ. Բալայանի՝ նրա մոտ արտասհամանից հրավիրված պատվիրակության անդամներ էին: