Լրահոս
Օրվա լրահոսը

Ծույլ քարոզարշավ կամ «գալոչկա»

Ապրիլ 19,2012 13:08

Քարոզարշավային վազքի մեջ նաեւ հետաքրքիր բան կա: Ես համոզվեցի, որ քարոզարշավային ընթացը քաղաքական ուժերի մոտ մի շրջան է, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, պատրաստ են անգամ «մեր ու մանուկ ուրանալ»: Որ նախկին դաշնակիցներն իրար հասցեի ինչ ասես ասում են` արդեն սովորել ենք: Որ նախկինում միմյանց անվանարկած եւ պիտակավորած գործիչները ձեռք են սեղմում ու բարի ժպտում իրար` արդեն նույնիսկ զվարճալի է: Բայց, զուտ բովանդակային մի քանի դիտարկում: Ես համոզվեցի, որ ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ իր ընդդիմախոս ուժի, առավել եվս դաշնակից ուժի ծրագիրը չի կարդացել: Չգիտեմ, պատահականություն է, թե զուգադիպություն, բոլոր ուժերը միանգամից դարձել են մանր ու միջին բիզնեսի ջատագով ու պաշտպան: Կոալիցիոն ուժերն այնպես կրքոտ են նկարագրում, թե ինչպես են պատրաստվում իրենց զոհաբերել` հանուն այդ խավի, անգամ շփոթվում եմ: Մեկ-մեկ նույնիսկ ինձ մեղավոր եմ զգում ու թվում է, թե անցած հինգ տարիներին ես եմ իրենց խանգարել, որ մանր ու միջին բիզնես զարգացնեն: Այս մանր ու միջին բիզնեսի զարգացման համատեքստում, ապրիլի 7-ին, դեռ քարոզարշավից մեկ օր առաջ, Ազատության հրապարակում ՕԵԿ նախագահն իր ելույթում ներկայացնելով նախընտրական ծրագիրը ասաց, որ օրենք են գրելու, որպեսզի սահմանափակեն սուպերմարկետների գոյությունը, ինչպես արել են շատ այլ երկրներում` հանուն միջին ու մանր բիզնեսի զարգացման: Տարօրինակ զուգադիպությամբ ՕԵԿ-ի «մեծ ախպեր» ՀՀԿ-ի մեծամասնական ցուցակում էլ սուպերմարկետների սեփականատերերն են` Սամվել Ալեքսանյան` «Երեւան Սիթի», Արտակ Սարգսյան` «ՍԱՍ»:

Նույն մանր ու միջին բիզնեսի զարգացման համատեքստում ՀՀԿ եւ ՀՀ նախագահը խոստանում է աշխատատեղեր բացել: Իսկ ԲՀԿ նախագահը, մանր ու միջին բիզնեսի զարգացման համատեքստում, ասում է, որ ով խոստանում է աշխատատեղ բացել` սուտ է ասում: Ասում է, որ ԲՀԿ-ն պայմաններ է ստեղծելու, որպեսզի յուրաքանչյուրն իր աշխատատեղը կարողանա ստեղծել: Ի դեպ, այդպես է ասում նաեւ ՀԱԿ-ն` ի դեմս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի:

Իսկ ընդհանրապես, քարոզարշավի առաջին տասնօրյակից տպավորությունս այնպիսին է, որ քաղաքական ուժերը այս կամ այն տեղ գնալով` «գալոչկա» են դնում:

Անցած 20 տարում համապետական եւ տեղական նշանակության ընտրություններում քաղաքների ու գյուղերի շենք-շինությունների պատերը գովազդային պաստառներով «զարդարող» կուսակցությունները այսօր չեն օգտագործում կամ գրեթե չեն օգտագործում Երեւանի քաղաքապետարանի առանձնացրած վահանակները:  Դրանք, բոլորն, առանց բացառության, կիսադատարկ են:

«Գալոչկայի» համար աշխատելը հատկապես խիստ է արտահայտվում ՀՀԿ-ի պարագայում: Եթե ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության-Ազատ դեմոկրատների, Դաշնակցության ներկայացուցիչները անկաշկանդ շփվում են հավաքվածների հետ, այս կամ այն հարցերի պատասխաններ տալիս, ինչն ի դեպ, ավելի հետաքրքիր է, քան հարթակային ելույթները, ապա ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծես մի կերպ է իր ճառն ընթերցում, որ փախնի: Եթե նրա ելույթն ըմբոշխնելու եկածներից լինում են մարդիկ, որ համառ են գտնվում ու անվտանգության աշխատակիցների <պատնեշը> ճեղքելով բռնացնում են նախագահին` մի քանի որպես ոտքը կախ է գցում ու շփվում մարդկանց հետ: Ու որպես կանոն, անվտանգության աշխատակիցները այդ պահերին թույլ չեն տալիս, որ լրագրողները մոտենան, լսեն:  Բայց, հիմնականում, իմ տպավորությամբ, ելույթից հետո աշխատում է փախչել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30