Իշխանական կուսակցությունների նախընտրական հանդիպումների իրական թե արհեստական մարդաշատության ֆոնին ուղղակի աչք է ծակում մարդկանց այն սակավությունը, որն արտահայտվում է ընդդիմադիր որոշ ուժերի հանդիպումներում:
Երբ անգամ մարդկային հետաքրքրասիրությունը ոչ մի ազդեցություն չի թողնում, նշանակում է` նման պահվածքն ընդամենը մեկ պատճառ կարող է ունենալ` վախը: Ոմանք վախենում են, որ իշխանական կուսակցություններն իրենց կտեսնեն այդ հանդիպումներում եւ չեն տա խոստացած ընտրակաշառքը, ոմանք վախենում են կորցնել աշխատատեղը, որոշները մտածում են պետական գերատեսչություններում աշխատող իրենց հարազատների մասին, ոմանք լուծելու անձնական խնդիրներ ունեն եւ վախենում են ավելորդ ուշադրություն գրավելով ձախողել գործը:
Կարելի է հազար ու մի պատճառ բերել, բայց փաստը մնում է փաստ, որ մարդիկ վախենում են եւ որ այս ընտրություններն անցնում են համատարած վախի մթնոլորտում: Ուստի, չի կարելի զարմանալ, թե ինչու է թաքնվելը, անանուն գործելը մեզանում դառնում է օրինաչափություն:
Մինչդեռ ինչպես հայտնի է` ամենաանկանխատեսելի մարդը վախեցող մարդն է: Նրա վրա հույս դնելը ռիսկ է, եւ դժվար է հավատալ, որ այս մթնոլորտում կարող է նորմալ ընտրություն կայանալ: Խնդիրն այն չէ` վախեցող մարդը քվեախցիկում ում է քվեարկում: Այլ այն, որ նա նաեւ վախենալու է վաղը դուրս գալ իր կատարած ընտրությունը, իր քվեն պաշտպանելու` նույն պատճառնելով, ինչ այսօր չի ուզում բացահայտել իր համակրանքը կամ թեկուզ պարզ հետաքրքրասիրությունը:
«Երկիր»