Լրահոս
Օրվա լրահոսը

Մականուններ շահարկելը հեռու տեղ չտանող մարտավարություն է

Ապրիլ 19,2012 10:45

Հաշվի առնելով սկանդալներ եւ քաշքշոց հրահրելու գործում ՀԱԿ-ի անմրցակից լինելու հանգամանքը, չզարմանաք, ես չեմ կարողանում արդարացնել Նիկոլ Փաշինյանին, ում մի խումբ կանայք, ընդամենը երկու ավտոբուս, վռնդել են ընտրողների հետ հանդիպման վայրից։ Մեղավորն ինքն է։ Ինքը մոռացել է, որ այլեւս ապստամբ Նիկոլը չէ, այլ պատգամավորության թեկնածու Նիկոլն է։ Իսկ այս երկու Նիկոլները միմյանցից շատ տարբեր բաներ են։

Ինքս անձամբ չեմ փայլում իմ արտահայությունների համեստությամբ, բայց եթե լինեի Նիկոլի փոխարեն, մրցակցիս, ուշադրություն՝ մրցակցիս, ավելորդ տեղը չէի զարդարի նրա՝ թեկուզեւ «ամենաանմեղ» մականուններով կամ այլ արտահայտություններով, որոնք կհրահրեին նրա «ընտրազանգվածի» զայրույթը։ Նպատակն ի վերջո ոչ թե միմյանց համբերության չափը որոշելն է, այլ ընտրություններում հաղթելը, ինչը որեւէ թեկնածու չի կարողանա անել, եթե տվյալ կոմպակտ տարածքի բնակչությանն իր կողմը չգրավի։ Նիկոլը, տվյալ դեպքում, ոչ միայն Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներին իր կողմը չի գրավում, այլեւ ընդհակառակը՝ տրամադրում է իր դեմ։

Եթե կլսի ինձ, ապա խորհուրդս հետեւյալն է՝ մնալ չափի մեջ, լինել խիստ, քննադատել սխալները, մատնանշել բոլոր թերի կողմերը՝ խնդրեմ, բայց մականուններ շահարկելը հեռու տեղ չտանող մարտավարություն է։ Այսօր Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչ թե իշխանական պատգամավոր եւ հարթակի հեղափոխական են, այլ պատգամավորության երկու մեծամասնական թեկնածու։

Եթե որեւէ մեկն արդարացնում է Նիկոլի եւ նրա կողմնակիցների քարոզչական   մարտավարությունը, ապա պարտավոր է ընդունել նաեւ Սամվել Ալեքսանյանի համարժեք պատասխանը, եւ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։

Ես չէի ցանկանա, որ ընթերցողը, ՀԱԿ-ը եւ մանավանդ Նիկոլն ինձ սխալ հասկանային եւ այս պահին մեղադրեին օլիգարխիայի դիրքերը պաշտպանելու, Սամվել Ալեքսանյանից քաղաքական գործիչ կերտելու, նրա դերուկշիռը հանիրավի բարձրացնելու սարսափելի հանցանքի մեջ։ Քավ լիցի, ես նման խնդիր չեմ դնում։ Ես ընդամենը ասում եմ, որ մեր 41 մեծամասնական ընտրատարածքներում մեկական, կներեք արտահայտությանս, Լֆիկ Սամո կա, եւ եթե ՀԱԿ թեկնածուներից յուրաքանչյուրը որոշի Նիկոլի հանգույն քարոզարշավ ծավալել, ապա մենք շատ հեռուն չենք գնա եւ որեւէ արդյունքի չենք հասնի։ Հավատացնում եմ ձեզ՝ որպես Երեւանի Ավան վարչական տարածքի բնակիչ եւ ընտրող՝ ես երբեք ձայնս չեմ տա այն թեկնածուին, ով կփորձի «Նե– մեց, Նե-մեց» վանկարկելով քաջ տղա երեւալ։ Եվ սրա պատճառն այն չէ, որ ես Ռուբեն Հայրապետյանի կողմնակիցն եմ։ Բնավ, երբեք։ Ես նրա օգտին ոչ մի անգամ չեմ քվեարկել եւ չեմ քվեարկելու։ Բայց անժխտելի փաստ է, որ նրա օգտին քվեարկում է Ավանի բնակչության մեծ մասը, եւ այդ մեծ մասի կարծիքի հետ, թեկուզ եւ սխալ, հաշվի չնստելու իրավունք որեւէ թեկնածու չունի։ Լինի դա Նիկոլը, Ստեփան Սաֆարյանը, թե մեկ ուրիշը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30