Ապրիլի 20-ին միլիոնավոր մարդիկ աշխարհում լռելու են` իրենց մտահոգությունը հայտնելու եւ համայն մարդկության ուշադրությունը սեւեռելու ուսումնական հաստատություններում բռնության, խտրականության, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի խնդիրների շուրջ: Լռության օրվա հիմնական նպատակը բռնությունների, անհանդուրժողականության, հետապնդումների, խտրականության խնդիրների վրա հասարակության ուշադրության սեւեռումն ու դրանք վերացնելու նպատակով արդյունավետ պատասխան քայլերի մշակումն է. այս կարծիքին է «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» (PINK) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
«Միջոցառմանը աջակցելու եւ մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ապրիլի 20-ին պարզապես լռել, լռել այն մարդկանց փոխարեն, ովքեր արդեն մեզ հետ չեն, լռել` լսելի դարձնելով մեր լռությունը համայն աշխարհին: Միայն պատկերացրու, որ մեկի եղբորը կարող են ծեծի ենթարկել այն բանի համար, որ նա «նման չէ» ուրիշներին (ոչ իր ընտրությամբ) կամ քրոջը, ընկերոջը, ընկերուհուն, ծնողներին: Երեխան կարող է ինքնասպան լինել, քանի որ նրան ծաղրում են համադասարանցիները: Այսպես կարելի է անվերջ թվել: Ի վերջո, դա կարող է սպառնալ նաեւ քեզ, ինչ-որ մեկը կարող է քեզ ծեծի ենթարկել այն բանի համար, որ դու «նման չես» իրեն: Իսկ բազմազանությունը մեր կյանքում այնքան շատ է: Կյանքը հիասքանչ է իր բազմազանությամբ: Բռնության եւ ատելության յուրաքանչյուր դրսեւորում, ուղղված այն մարդկանց, ովքեր «տարբերվում են» (տարբերվում են ազգությամբ, ռասայական եւ կրոնական պատկանելությամբ, սեռական կողմնորոշմամբ եւ այլն), խոսում է միայն տվյալ հասարակության հանդուրժողականության ցածր մակարդակի կամ դրա բացակայության մասին: Եվ այդ խնդրի մասին լռելն է հանգեցնում միայն այսօրինակ բռնության եւ խտրականության մակարդակի բարձրացմանը»,- կոչ է անում Հովսեփյանը, հավելելով միասին կանխարգելենք բռնությունը, խտրականությունը, միասին կերտենք ապահով միջավայր բոլորի համար: