Այսօր, ապրիլի 18–ին հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։00–ի սահմաններում Ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Երևանի «Հաղթանակ» կամրջից մարդ է ցած նետվել։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնականի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնի քննիչը և փորձագետը։ Պարզվել է, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի Բաբաջանկյան 21 շենքի բնակիչ 33–ամյա Արման Մ.–ն է։
Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ ինքնասպանություն գործելուց առաջ Արմանը, ով ըստ դեպքի վայրում գտնվողների, աշխատում էր Ֆինանսների նախարարությունում որպես վերահսկիչ, sms է ուղարկել իր եղբորը՝ Արտակին, որտեղ գրել է, որ գնում է իր կյանքին վերջ տա։ Արմանի եղբայրը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Էրեբունու բաժին, և մինչ ոստիկանները և հարազատները կփնտրեին Արմանին, արդեն տեղի էր ունեցել այս ցավալի դեպքը։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև