Այսօր, ապրիլի 18-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։21–ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արագած փողոցի թիվ 1 տանը։ Ժամը 20։23–ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի թիվ հրշեջ–փրկարարական ջոկատից (ՀՓՋ) 2 մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են հասել 20։29–ին և պահանջել օգնություն։ 20։26-ին դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի 1-ին հերթապահ խումբը։ 20։32–ին դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի թիվ 3 ՀՓՋ–ից 1 մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են ժամանել 20։39–ին։ Հրդեհը մեկուսացվել է 20։48–ին, մարվել 21։06-ին։
Դեպքի վայրում գտնվող հարևանները Գագիկ Շամշյանին պատմել են, որ լսվել է ուժեղ պայթյուն և բռնկվել է հրդեհ։
Դեպքի վայրում են գտնվել նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայրում է եղել նաև Փրկարար ուժերի վարչության պետ գեներալ մայոր Վ. Նիկողոսյանը։
Տեղի է ունեցել յուղի թորման ապարատի պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Այրվել է Արշակ Սմբատյանին պատկանող բնակելի հատվածին կից արհեստագործական շինությունը՝ 90 մ/ք տարածքով։