6-ամյա Անահիտը Արարատ քաղաքից է եկել Երեւան, «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ է, շատ էր ցանկանում տեսնել իր «ամենասիñելի երգիչ» Միհրան Ծառուկյանին, չի տխրում, հիմա էլ ձեռքին երգչի առաջին ձայնասկավառակն է, ասում է. «Տեսա նրան, ափսոս չկարողացա դիսկս տալ Միհրանին, ուզում էի ստագրեր վրան ու հետն էլ նկարվեի, բայց ուրիշ անգամ կգամ, գիտեմ՝ ինքը կստորագրի»:
Երեկ՝ ապրիլի 17-ին, Միհրան Ծառուկյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր, Շառլ Անզնավուրի անվան հրապարակը լեփ-լեցուն էր երգչի երկրպագուներով, նրանք ծեծում էին բոլոր հնարավոր դռները՝ երգչի մոտ հայտնվելու համար: «Հավատա, կփրկեմ»՝ ձայնասկավառակի անունն է, «տղա ջան ապրես, քեզ մեծ բարձունքներ», «Միհրան ջան, քեզ շատ եմ սիրում», «գժվում եմ քո համար»՝ երիտասարդ երգչին ասվող խոսքերն են: Միհրանն էլ ժպտում է, լուսանկարվում իրեն մոտեցողների հետ եւ բաժանում իր ստորագրությունը:
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից Միհրանի գործընկերուհի Մերի Մակարյանն էլ է ներկա ձսյնասկավառակի շնորհանդեսին: Ասում է՝ նկարահանումների ժամանակ զգացվում էր՝ լարվածություն չկար, բայց Միհրանը սպասումի մեջ էր. «Հիմա էլ ուրախ եմ, որ այստեղ ենք, եւ հրաշալի առիթ է: Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերոջը, ցանկանում եմ էլ ավելի նորանոր հաջողություններ եւ բազում-բազում ձայնասկավառակներ, թող առաջինը լինի եւ վերջինը չլինի»,- ասում է Մերին: Նա տեղյակ է ձայնասակավառում տեղ գտած երգերից, լսել է բոլորն էլ, բայց դրանցից ամենասիրելիի մասին ասում է. «Միայն բառերն եմ հիշում՝ աշուն է, աշուն, շատ լավ երգ է»:
Երգչի պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանի խոսքով՝ ձայնասկավառակի վրա աշխատել են մոտ 3 ամիս, երաժշտական պրոդյուսերը Էդգար Ալեքսանյանն է, այստեղ տեղ գտած երգերի հեղինակները տարբեր են՝ Ռիչարդ Մադլենյան, Վահրամ Պետրոսյան, Էդգար Ալեքսանյան եւ այլք: Ձայնասկավառակի անվանում էլ՝ «Հավատա, կփրկեմ», ոչ մի կապ չունի քաղաքական լոզունգի հետ, երկու երգերի`«Հավատա»-ի եւ «Կփրկեն»-ի վերնագրերի միացումն է. «Փորձեցինք կապել 2 երգերի վերնագրեր, որոնք ինչ-որ խորհուրդ կունենան. «Պետք ա հավատալ, որ փրկվել»,- ասում է երգչի պրոդյուսերը:
Ապրիլի 29-ից Միհրան Ծառուկյանը համերգների է արտերկրում, իսկ աշնանը նախատեսվում է նաեւ մենահամերգ: