Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն քարոզարշավ իրականացրեց Վայոց ձորում

Ապրիլ 18,2012 21:03

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Վայք,Մալիշկա, Եղեգնաձոր, Արենի և մի շարք այլ համայնքների ընտրողների հետ:

Սերժ Սարգսյանը քարոզարշավի առաջին տասնօրյակի ավարտին ընտրողներին ներկայացրել է, թե ինչո՞ւ է անձամբ ղեկավարում ընտրարշավը՝ այդպիսով պատասխանելով նաև ՀՀԿ-ի ընդդիմախոսների հանիրավի քննադատությանն ու հարցադրումներին, թե Հանրապետականում արդյո՞ք կարող ուժեր չկան, որ կուսակցության նախագահը մենակ է իրականացնում քարոզարշավը: «Ամբողջ կյանքիս ընթացքում ես երբեք չեմ խուսափել ինձ հասանելիք պատասխանատվության բաժնից: Ավելին՝ մշտապես ուրիշների ակնկալածից ավելին եմ ստանձնել ու արել: Արել եմ, որպեսզի ծրագրերս իրականություն դառնան: Այսօր էլ որպես Հանրապետականի ղեկավար՝ անձամբ եմ ղեկավարում այս ընտրարշավը: Եվ դա անում եմ լրջագույն պատասխանատվությամբ ու մեծագույն պատիվ համարելով: Եվ ուզում եմ այստեղից, սիրելի եղեգնաձորցիներ, պատասխանել բոլոր այն չարակամների հարցերին, ովքեր փորձում են մեզ ուղղել, փորձում են ասել, թե Հանրապետականում այլ կարող ուժեր չկան, իբր ես մենակ եմ իրականացնում քարոզարշավը և այդպիսի բազմաթիվ հեքիաթներ: Իհարկե, սա իրականությանը չի համապատասխանում: Բոլորդ գիտեք, որ Հանրապետականն իր քարոզարշավն իրականացնում է՝ ընդգրկելով հազարավոր մարդկանց: Հազարավոր հանրապետականներ մեր գյուղերում ու քաղաքներում են, և նրանք հստակ հաշվետվություններ են ներկայացնում, ներկայացնում են ապագայի մեր պատկերացումները, մեր ծրագրերը: Բնականաբար, ես եմ կիզակետում, որովհետև ես եմ այդ կուսակցության ղեկավարը, և շատ մարդկանց համար անհասկանալի կլինի, թե ինչու կուսակցության համար շատ կարևոր պահի քաշվում եմ երկրորդ պլան: Ես երբեք այդպիսի պատասխանատվությունից չեմ խուսափել, չեմ խուսափում հիմա և երբեք չեմ խուսափելու: Հանրապետականը ևս պատասխանատվությունից երբեք չի՛ խուսափել: Եվ մենք պատրաստ ենք անել ավելին, քան մեզանից ակնկալում են»,-ընդգծել է Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իր գլխավորած քաղաքական ուժը մշտապես լայնախոհություն և շրջահայացություն է ցուցաբերել, հարգանքով է վերաբերվել քաղաքական մրցակիցներին, ազնիվ մրցակցության մշակույթի կողմնակիցն է եղել և այսուհետ էլ այդպես է գործելու: «Այս ընտրարշավը մեր քաղաքական համակարգի հասունության լավագույն ապացույցն է: Վիրավորանքն ու պիտակավորումը չպետք է տեղ ունենան մեր քաղաքական կյանքում»,-ասել է ՀՀԿ նախագահը:

Վայոց Ձորի քաղաքներում և գյուղական համայնքներում Հանրապետական կուսակցության նախագահը ներկայացրել է կառավարող քաղաքական ուժի նախընտրական ծրագրերը, մարզի առանձին բնակավայրերի նկատմամբ՝ դրանց առանձնահատկություններից ելնելով, իրականացվող քաղաքականությունն ու զարգացման հեռանկարները:

Ջերմուկում Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանն ու նրա առանձին բնակավայրերն ավելի գրավիչ՝ մրցունակ և ուժեղ դարձնելու ՀՀԿ-ի պատկերացումների ու նպատակադրումների մասին, ընդգծելով, որ Հանրապետականն առաջարկում է իր փորձն ու հմտությունները, իր կամքն ու ծառայություններն այդ առաքելությունն իրականցանելու համար: «Ուրիշ էլ որտե՞ղ կարելի է խոսել գրավիչ Հայաստանի մասին, եթե ոչ Ջերմուկում, որ ամեն տարի գրավում է բազմաթիվ այցելուների թե՛ արտերկրից, թե՛ Հայաստանի մյուս մարզերից: Այստեղ, իսկապես, շատ բան կա վայելելու: Ե՛վ Ջերմուկը, և՛ ընդհանրապես Վայոց Ձորը բացառիկ հարուստ են իրենց մշակութային ժառանգությամբ: Բայց մի պահ պատկերացնենք, թե չի եղել մեկ մարդ` Մոմիկ ճարտարապետը: Ոչ միայն Վայոց Ձորը, այլև ողջ հայ ժողովուրդը մեծապես կաղքատանար: Չէր ունենա մանրանկարչության, խաչքարագործության ու ճարտարապետության բազում գլուխգործոցներ: Տեսեք, թե ինչ է արել մեկ մարդու հավատը: Նորավանքում կամ Արենիում նա ամբողջ բնապատկերներ է փոխել` դրանք դարձնելով ավելի լավը, եղածին նոր իմաստ ու գրավչություն է հաղորդել: Ահա, թե ինչու ենք մենք ասում. «Հավատանք, որ փոխենք»: Մենք դա կարող ենք, որովհետև Մոմիկի ու նրա նմանների շառավիղներն ենք: Մոմիկները ժամանակից հետ չէին մնում, իսկ երբեմն նույնիսկ առաջ էին ընկնում, որովհետև արդիական էին իրենց ժամանակի մեջ և մրցունակ: Եկե՛ք լինենք այդպիսին, եթե չենք` ապա դառնանք: Եկեք հավատա՛նք, որ փոխենք»,-ջերմուկցիներին կոչ է արել Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ նախագահը նշել է, որ Ջերմուկում արդեն տեսանելի են իրականացվող փոփոխությունները, որոնք շարունակվելու են: Սերժ Սարգսյանի խոսքով, այսօրվա և հինգ տարի առաջվա Ջերմուկը համեմատելի չեն, և Հանրապետական կուսակցությունը շատ հստակ տեսնում է հիասքանչ այս քաղաքի և ամբողջ Հայաստանի ապագան՝ «Ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար» կարգախոսի իրականացմամբ: «Մենք հայտարարում ենք, որ մեր ծրագրերը միայն այսօրվա ու վաղվա համար չեն, դրանք երկարաժամկետ ծրագրեր են և հետապնդում են հեռահար նպատակներ: Բայց առաջիկա տարիների ծրագրերն էլ նույնքան կարևոր են, հետևաբար նաև մշակված են բազմակողմանիորեն: Դրանք արդեն ընթացքի մեջ են, ունենք նաև տեսանելի արդյունքներ: Ե՛վ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված քայլերը, ենթակառուցվածքների զարգացումը, և՛ գյուղատնտեսությանն ուղղված աջակցությունը, և՛ գործարար միջավայրի բարելավումը բերելու են կյանքի և աշխատանքի նոր որակ թե՛ ողջ երկրի կտրվածքով, և թե՛ յուրաքանչյուր անհատի համար»,-մարզի մեկ այլ բնակավայրում՝ Վայքում, ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահը:

Սերժ Սարգսյանը Վայոց Ձորի մարզի ընտրողներին խնդրել է իրենց ջանքերը ևս ներդնել մայիսի 6-ի առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով, պատվով ու պատասխանատվությամբ անցկացնելու համար: «Այդ ընտրություններից շատ բան է կախված: Կախված է, թե ո՞վ է շարունակելու կառավարել մեր երկիրը, ո՞վ է տեր կանգնելու մեր հոգսերին և, ընդհանրապես, ինչպիսի՞ երկիր ենք մենք ունենալու»,-Վայոց Ձորում ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ մամուլի ծառայություն

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30