Մեծամոր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեցին հիմնականում ատոմակայանին վերաբերող խնդիրների մասին, ընդգծեցին, որ իրենց իշխանության տարիներին արդեն ծրագրավորված էր նոր ատոմակայանի կառուցումը, քանի որ գործողի ժամկետը լրացել էր, եւ այն այլեւս իրենից վտանգ է ներկայացնում:
Թեեւ Սերժ Սարգսյանի 2008-ի նախընտրական ծրագրում էլ կար ատոմակայանի կառուցման մասին կետ, բայց այն այդպես էլ չիրագործվեց: Նախկին իշխանավորները հեգնեցին, որ երկու ատոմակայանի փող ծախսվել է Հյուսիսային պողոտա եւ երկնաքերներ կառուցելու վրա, որոնք ոչ ոքի այդպես էլ պետք չեն գալիս: «Ինչ է, այդքան հիմար կարելի՞ է լինել, այլ ներդնելու տեղ չունեի՞ն»,- իր զայրույթը բարձրաձայնեց առաջին նախագահը, նաեւ ընդգծելով, որ տարեկան 1 մլրդ դոլար Հայաստանից արտահանվում է եւ ներդրվում այլ պետությունների տնտեսության մեջ: «Սերժի եղբայր Սաշիկը առաջինն էր, որ 30 մլրդ դոլար ներդրեց ԱՄՆ-ի տնտեսության մեջ»,- հավելեց առաջին նախագահը, նկատելով, որ այդ մարդիկ հիմա նորից ձայն են խնդրում: Առաջին նախագահը նաեւ ազգային հպարտության համար վիրավորանք համարեց այն, որ այսօր այդ իշխանությունների պատճառով 50 հազար հայ «նոքարություն եւ տնային ծառայություն» են անում Թուրքիայում: «Ո՞ր թասիբ ունեցողը կարող է կամավոր ձայն տալ իր դահիճներին»,- ասաց ՀՀ առաջին նախագահը՝ կոչ անելով կանգնել ՀԱԿ-ի կողքին եւ պայքարել հանուն վաղվա Հայաստանի:
Մեծամորում առաջին նախագահի կոչերն ու ելույթները ուղեկցվեցին ծափերով եւ «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ