Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան. «Մեկ էլ տեսար՝ գրպանս նարկոտիկ գցեցին»

Ապրիլ 18,2012 18:13

«Մեր համալսարանի պատիվն արատավորվում է ոլորտի պատասխանատուների կողմից. վերջին պատկերն այն հրամանն է, որով իբր թե ես ազատված եմ աշխատանքից: Բայց ես ընտրվել եմ որպես ռեկտոր խորհրդի ընտրությունների արդյունքում, հաստատվել կառավարության կողմից եւ այդ որոշման հիման վրա կառավարությունը հանձնարարել է այն ժամանակվա նախարար Լեւոն Մկրտչյանին կնքել ինձ հետ պայմանագիր. լավն եմ ես, թե վատը՝ համենայնդեպս այդ կարգը պիտի պահպանվեր, ոչ թե նախարարը որոշեր»,- լրագրողների հետ այսօր հանդիպման ժամանակ հայտարարեց Լեզվաբանական համալսարանի, իր խոսքով ասած՝ անօրինական կերպով հեռացված ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Զոլյանն այս «խառը պատմությունը» չի անձնավորում, չի քաղաքականացնում, բայց, ըստ նրա, այդպիսի միտումներ, բնականաբար, կան: Նախկին ռեկտորը նշում է, որ միշտ աշխատել է օրենքով, իսկ իր հեռացման հարցը վիճարկելու է դատարանով:

Զոլյանը բացառեց բուհում արտաբյուջետային խնդիրների հետ կապված հարցերը, ինչը եւս հետեւանք կարող էր լինել իր հեռացման համար:

Իսկ թե ինչ է պատրաստվում անել հեռացված ռեկտորը մինչ դատարանում հարցը վիճարկելը՝ ասաց. «Ենթադրում եմ, որ որեւէ թուղթ ստորագրեմ՝ նախարարը կարող է անգամ սպեցնազ ուղարկել իմ ետեւից, այդ պատճառով էլ զգուշանում եմ, այսինքն՝ կատարում Աշոտյանի հրամանը: Իսկ այժմ նամակ եմ գրում վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի իբրեւ վերադաս նա կասեցնի այս ակտը: Նշեմ, որ ես օրենքով պարտավոր եմ չկատարել հակաօրինական որոշումները, եւ չեմ կարող ենթարկվել պատասխանատվության դրա համար, բայց պետք է զգույշ լինել, ամեն ինչ սպասելի է, մեկ էլ տեսար՝ վաղն էլ գրպանս նարկոտիկ գցեցին»:

Սուրեն Զոլյանը հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, թե ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն է իր թիկունքին կանգնած՝ մեկնաբանեց. «Վիկտոր Սողոմոնյանն իմ լավագույն ուսանողներից է եղել, աշխատել է երկրորդ նախագահի մամլո խոսնակ, միաժամանակ մեր բուհի խորհրդի նախկին նախագահն էր, բայց այն, որ նա է այժմ իմ թիկունքին, այդպես չէ: Նախ ես շնորհակալ եմ նրան համագործակցության համար, մենք շատ լավ ենք աշխատել: Երկրորդ՝ ներողություն, բայց ես իմ կենսագրությունն ունեմ, եւ այդ լուրը թե իմ, թե նրա համար ծիծաղելի է, գոնե ասեիք Օբաման է թիկունքիս»:

Լեզվաբանական համալսարանի ռեկտորը մտահոգված է մեկ այլ հարցով եւս: Ըստ նրա՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր գործելաոճով վնասում է Հանրապետական կուսակցությանը. «Ի դեպ՝ որպեսզի վնաս չհացվի կուսակցությանը, որը ներկայացնում է Աշոտյանը, առաջարկել եմ այս որոշումը կասեցնել մինչեւ ընտրությունների ավարտը: Թե ինչ է պատահել, այս ինչ շտապողականություն է՝ չեմ հասկանում: Այստեղ միտում կա: Ինքն աշխատում է իր կուսակցության դեմ: Ստացվում է, որ Աշոտյանը այնքան էլ վստահ չէ իր վրա, որ հետո էլի նախարար է աշխատելու, նա չի ընդունել իմ առաջարկը: Ինչպես ինքն է իմ մասին ասել՝ իրավական առումով ապիկար, դա մենք դատարանում կպարզենք, թե ով է իրական իրավական առումով ապիկարը: Իսկ Հանրապետական կուսակցությունը արդեն ձայներ է կորցրել Աշոտյանի շնորհիվ: Նախարարը նույնիսկ մեր ուսանողներին է տրամադրել իր դեմ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30