Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությանը» չէին թույլատրում հանդիպումը կազմակերպել հրապարակում (տեսանյութ)

Ապրիլ 18,2012 18:05

Նախընտրական այցով Կապան ժամանած «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին չէին թույլատրում Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում անցկացնել հանդիպումը: Ըստ մշակույթի կենտրոնի տնօրեն Աշոտ Բեգլարյանի` իրեն ոչ ոք տեղյակ չէր պահել, որ նման հանդիպում է նախատեսված, քաղաքապետարանից նույնպես ճշտել է, որ իրենց նույնպես ոչ մեկը տեղյակ չի պահել հանդիպում կազմակերպելու մասին, օրինական փաստաթուղթ չեն ներկայացրել, ուստի նա այդ հանդիպումն անօրինական է համարում եւ արգելում է, որպեսզի բնակչության հետ հանդիպումը լինի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը վիճաբանությունը հարթելուց հետո՝ նշեց, որ տեղյակ են օրենքից եւ միայն 100-ից ավելի մարդկանց առկայութան դեպքում օրենքի խախտում կլինի ու պատրաստ են պատասխան տալ դրա համար, որից հետո մեկնարկեց հանդիպումը մարզկենտրոնի բնակչության հետ:

Իսկ մշակույթի հրապարակում սակավաթիվ մարդիկ էին հավաքվել` 100-ը չէին գերազանցում, շատերը նույնիսկ տեղյակ չէին կուսակցության այցի մասին: «Մենք հույս ունեինք, որ շատ-շատ մարդ կհավաքվի, բայց նկատի ունենալով այն մթնոլորտը, որ կա այստեղ, վախի մթնոլորտը՝ Կապանում… մենք ամբողջ Սյունիքում ենք եղել՝ վախի մթնոլորտ կա Նժդեհի ազատագրած, պահած Լեռնահայաստանում, որ պետք է մարդիկ հզոր լինեն, ուժեղ լինեն, ամուր լինեն` չվախենան ոչ մեկից, վախենում են: Մարդիկ վախենում են միտինգներում երեւան եւ վաղը կարող են աշխատանքից զրկվեն: Մարզի մյուս բնակավայրերում էլ ենք եղել, ժողովրդի մի մասը պատուհաններից են լսել, մի մասը թաքնված են եղել պատերի տակ, որ չերեւան: «Ժառանգությունը» մտնում է փոքր բակեր, շուկաների մարդկանց մոտենում, ուսումնական հաստատությունների ուսանողներին, մենք մարդկանց չենք հավաքում-բերում գյուղերից, մեծ հանրահավաք չենք անում», – ասում էր Ռուբեն Հակոբյանը:

Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Կապանում հավաքված բնակչությանը կոչ արեց մայիսի 6-ին քվեարկել ազատ, անկաշկանդ, արժանապատիվ եւ առանց վախենալու: «Քաղցկեղի, «ռակի» քանի դեպքեր պետք է լինեն Կապանում, Սյունիքում, քանի ահազանգեր, խեղված ճակատագրեր, հիվանդ երեխաներ, մինչեւ որ մեր իշխանավորները մի փոքր մեր ժողովրդի նման աշխատեն, խիղճ ունենան, ասեն՝ մինչեւ երբ ենք մենք մեր ձեռքով սպանում մեր ապագան սեփական երկրում: Մայիսի 6-ից հետո շատ բան է փոխվելու մեր հոգեբանության մեջ, փոխվելու է Ազգային ժողովը, տեղերը փոխելու են փոքրամասնությունը եւ մեծամասնությունը եւ ունենալու ենք նոր վարչապետ՝ նոր կառավարությամբ, դրանից հետո՝ նոր մարզպետներ եւ նոր նախագահներ: Մենք գալիս ենք նոր Հայաստանի համար: Իմ կյանքով, իմ մահով եւս պատասխանատու եմ, որ մի փոքր մեր երկրում արժանավայել ապրենք»,- հանդիպման ժամանակ ասաց կուսակցության նախագահը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30