ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի 2008-ի եւ 2007-ի նախընտրական ծրագրերը, որոնք ըստ նրա՝ այդպես էլ իրականություն չդարձան: Հրանտ Բագրատյանի կարծիքով, այդ չիրականացված խոստումները հիմնական պատճառ են, որպեսզի հայ ժողովուրդն այլեւս չհավատա Սերժ Սարգսյանին ու նրա տված խոստումներին:
ՀՀ նախկին վարչապետը նաեւ քննադատաբար մոտեցավ իրենց իշխանության տարիներին, ասաց, որ այն ժամանակ էլ ամեն ինչ հրաշալի չի եղել, բայց «մենք գող չենք եղել, կրիմինալ չենք եղել, դրա համար էլ բաց ճակատով գալիս ենք հանդիպումների»:
Բագրատյանն ասաց, որ ՀԱԿ-ի ծրագրի տնտեսական հատվածը միանգամայն իրագործելի է ու խոստացավ, որ մեծամասնություն ունենալու դեպքում իրենք «5 րոպեում» վերացնելու են մենաշնորհները, օլիգարխներին բերելու են հարկային դաշտ, ինչն էլ ապահովելու է աշխատավարձերի եւ կենսաթոշակների կտրուկ աճ: «13 միլիարդ դոլար չմուծված հարկ կա»,- նկատեց նախկին վարչապետը ու ասաց, որ ինքը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ չի խոստանում աշխատատեղեր ստեղծել, այլ խոստանում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ միջին վիճակագրական հայաստանցին հնարավորություն ստանա ստեղծել իր աշխատատեղը:
Կարդացեք նաև
«Ուզում եք էդ գեղցիները նորի՞ց շարունակեն իշխել»,- նկատի ունենալով ոչ թե ծագումնաբանությունը, այլ մարդկային էությունը, հարց հնչեցրեց նախկին վարչապետը ու կոչ արեց միասնաբար մայիսի 6-ին ձայնը տալ ՀԱԿ-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ