«Սիվիլիթաս» հիմնադրամի` նախընտրական շրջանի կազմակերպած «Ընտրամարտ-2012» բանավեճերի շարքի երկրորդ հանդիպումը նվիրված էր հիմնականում տնտեսական թեմաներին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ինը քաղաքական ուժերից այս անգամ մասնակցում էին հինգը` «Ժառանգությունը», Կոմկուսը, ՀԱԿ-ը, «Միավորված հայերը» եւ ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, ինչպես նախորդ անգամ, չկային, այս անգամ բացակայում էին Դեմկուսն ու ՀՅԴ-ն, որոնք նախորդ անգամ ներկա էին:
ՀԱԿ-ից բանավեճին մասնակցում էր Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, որի պատասխանը ցանկացած հարցին ի վերջո հանգում էր մի բանի` «ավազակապետության տապալմանը»: Պարոն Խաչատրյանը քանիցս կրկնեց «Մինչեւ այս համակարգը չվերանա, որեւէ բան չի փոխվի» միտքը` տարբեր ձեւակերպումներով:
Երբ բանավեճը վարողը քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքվեց` «տնտեսությունը զարգացնելու համար նախեւառաջ ի՞նչ է պետք անել` կրճատե՞լ բյուջեի ծախսերը, թե՞ ավելացնել եկամուտները», «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, ճիշտը, թերեւս, եկամուտները մեծացնելն է, սակայն ոչ թե մանր ու միջին բիզնեսի, այլ խոշոր բիզնեսի հաշվին: Ավելին, նա առաջարկեց այլ երկրների օրինակով որոշ ժամանակահատվածում փոքր եւ միջին բիզնեսին ազատել որեւէ հարկից, երբ դրանք ոտքի կանգնեն, նոր հարկային բեռի տակ դնել: Նա նաեւ առաջարկում էր գույքահարկի բարձրացում, այսինքն, դա լինի յուրատեսակ «ամնիստիա»` վայրի կապիտալիզմի ժամանակաշրջանում ոչ այնքան օրինական ճանապարհով ձեռք բերած գույքի համար որոշակի հարկ սահմանել, որով մեծահարուստները մի կողմից բյուջեն կլցնեն, մյուս կողմից` օրենքի առաջ «կմաքրվեն»:
Երբ խոսք գնաց հանքարդյունաբերության եւ դրա հետեւանքների, մասնավորապես, բնապահպանության մասին, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց.«Այն, ինչ կատարվում է ՀՀ բնապահպանական ոլորտում` բարբարոսություն է, այլանդակություն է»:
Իսկ կոմկուսի ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը, նկատեց.«Կարծես թե մոլորակի բոլոր հանքերը Հայաստանում են, ում ձեռքը փող է ընկնում, գալիս ասում է` էս սարն իմն է, էն սարն իմն է ու սկսում է քանդել»: Նա առաջարկեց Հայաստանում կառուցել ձուլարանները եւ պատրաստի թանկարժեք արտադրանքը արտահանել եւ ոչ թե` էժան հանքանյութը:
Կարդացեք նաև
Այս ամենին այլ տեսանկյունից էր նայում միայն «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ, ԵՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը, որը «թվախեղդ» արեց ներկաներին, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասով: «Պետք է չմոռանանք, որ 7-8 ձեռնարկություն այսօր տալիս են մեր բյուջեի 50 տոկոսը, Քաջարանի կոմբինատում 3874 մարդ է աշխատում, եւս վեց հազար մարդ` կոմբինատին հարակից գործարաններում եւ այլ հիմնարկներում: Այո, տարեկան 16 մլն տոնա հանքանյութ է դուրս գալիս այդ հանքերից, բայց դրանից ստանում ենք ընդամենը 8 հազար տոննա մոլիբդենի խտանյութ, որը ուղարկում ենք Գերմանիա «Քրոնիմետ մայնինգ» ընկերություն, որն իր հերթին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր բաժնետերն է: Այս սեփականաշնորհման սխեմայով լուծվել է մշտական շուկայի խնդիրը: Իսկ որպեսզի Հայաստանում կառուցվի ձուլարան, մենք արտահանվող հանքանյութի ծավալը պետք է կրկնապատկենք եւ հսկայական ներդրումներ անենք»,-ասաց պարոն Մելքումյանը:
Իր հերթին «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ երբ հենց նույն կոմբինատի հետ կապված որոշ հարցումներ են արել հարկային մարմիններին, ստացել են պատասխան, որ պահանջվող տեղեկատվությունը «գաղտնի է»: Դա զարմացրել է «Ժառանգության» ներկայացուցչին, քանի որ նույնիսկ բանկերն են իրենց ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում հրապարակային, այդ ի՞նչ պատճառով է ԶՊՄԿ-ին վերաբերող տեղեկությունը գաղտնի:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ