«Չեմ կարծում, որ ձեզ գոհացնում է հինգ տարին մեկ ջեմ ուտելը, կամ տասը ձվով ձայն վաճառելը: Այդ փոքրիկ ընտրակաշառքների դիմաց դուք քաղաքական ուժերին վճարում եք շատ մեծ գին»,- այսօր ընտրողներին հեռակա դիմելով՝ «Տեսակետ» ակումբում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հանրապետական խորհրդի անդամ Արամ Գյուրջյանը:
Դառնալով ժողովրդին կաշառող քաղաքական ուժերին՝ Ա. Գյուրջյանը վստահեցրեց, որ նրանցից հետո կգան ավելի հզոր ահաբեկիչներ և ավելի հարուստ կաշառողներ և այդ դեպքում նրանք կմնան մենակ:
ՀԴԿ հանրապետական խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Մովսեսյանն էլ նկատեց. «Հասարակության մեծամասնությունը պատրաստ է տասը ձվի և կոնֆետի համար իր ձայնը վաճառել: Այսպիսով դաստիարակում ենք դեգրադացված քաղաքացի»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց՝ իրենց իսկ նշած կաշառքով իր ձայնը վաճառող հասարակությունից ի՞նչ ակնկալիքներ ունեն և այդ պարագայում արդյոք կարող են մուտք գործել խորհրդարան: Ա. Գյուրջյանը պատասխանեց. «Մեր մասնագետների հաշվարկներով, այս պահի դրությամբ, կարող ենք ունենալ 6 տոկոս արդյունք: Կարծում եմ, որ մեր հասարակությունը փոփոխությունների պատրաստ հասարակություն է և նրա հետ պետք է աշխատել երկխոսության ճանապարհով: Մենք խորհրդարան չենք գնում աթոռներ զբաղեցնելու համար, այլ՝ քաղաքացիների խնդիրները բարձրացնելու և դրանց լուծում տալու»: Ս. Մովսեսյանն էլ, դառնալով ընտրակաշառքների չափին, նկատեց. «Դիտարկելով երկրի բյուջեն՝ կարելի է տեսնել, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը արժե 3500 դոլար: Ուստի ինչու° են քաղաքացիներն իրենց ձայնն այդքան էժան վաճառում»:
Դեմոկրատները խոստանում են՝ խորհրդարան մտնելուց հետո առաջին քայլը լինելու է ստվերը, օլիգարխիան և մենաշնորհը վերացնելը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ