Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր «Սլաք» ակումբում խոսեց «Քաղաքական PR-ը քարոզարշավի ընթացքում» թեմայի շուրջ: Բանախոսը նշեց, որ թեեւ կուսակցությունները փորձում են իրականացնել «սպիտակ» PR եւ «չկպնել» մեկը մյուսին, այնուամենայնիվ, մամուլում սեւացնում են իրար. «Ինչպես մեր մեծահասակները դեռեւս չեն սովորել լիովին օգտվել հեռուստացույցի պուլտից կամ հեռախոսներից, նույն կերպ՝ տարիքով քաղաքական գործիչները սովոր չեն նոր տեխնոլոգիաներ կիրառել: Նրանք շարունակում են ասել իրենց ընտրելու մասին կենացները »,-ասաց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով քարոզարշավի հավասար լուսաբանմանը՝ Կ. Քոչարյանը նշեց, որ վայրկյանների ճշգրտությունը պահպանում է հեռուստատեսությունը՝ ի տարբերություն կողմնակալ մամուլի, որը սեւ PR-ով է զբաղվում. «Այն չի հասցնում զարգացումների ետեւից: Իսկ էլեկտրոնային մամուլն առավել ազատ է աշխատում: Արդյունքում՝ ԶԼՄ-ների միջեւ դիսբալանս է ստեղծվում»:
Բանախոսի կարծիքով՝ իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերն իրարից են ընտրազանգված «կորզում». «ՀԱԿ-ը սկսել է պաշտպանել ԲՀԿ-ին, հետեւաբար՝ ԲՀԿ-ից է ընտրողներ տանելու: Իսկ ԲՀԿ-ն ինչքան էլ ընդդիմություն թվա, միեւնույն է՝ իշխանական կոալիցիայի անդամ է»:
Խոսելով սոցիալական ցանցերում քաղաքական գործիչների PR-ից, Կ. Քոչարյանը նշեց, որ նախկինում վերջիններս անձեռնմխելի էին, մինչդեռ հիմա յուրաքանչյուրը կարող է նրանց «պատին» գրառում տեղադրել. «Դա հասանելիության ձեւ է : Աշոտյանի հասցեին կարող են ասել, թե «մինիստրը ո՞նց կարա իրան տենց պահի», բայց նա ակտիվ է եւ պատասխանում է հարցերին: Մարդիկ հասկացան, որ քաղգործիչներին կարելի է «կպնել», «շոշափել»,-ասաց քաղտեխնոլոգը եւ հավելեց, որ զսպվածության տեսանկյունից Ֆեյսբուքը համարվում է գրական շեդեւրների դաշտ. «Իսկ քաղաքական դաշտում հայվանից սկսած՝ ում ասես չենք տեսել…Ամենավերջին հայհոյանքները հենց քաղաքական դաշտում են եղել»:
Կարդացեք նաև
Կ. Քոչարյանը նշեց, որ վերջին տասնօրյակում գրագետ քարոզարշավով աչքի են ընկել «Ժառանգությունը» եւ ՀՀԿ-ն. «Հիասթափվել եմ ՀԱԿ-ից եւ Դաշնակցությունից: ՀԱԿ-ի մոտ չկա նախկին էներգետիկան: Լ. Տեր-Պետրոսյանը կարծես ծերացած եւ հոգնած լինի»:
Վերլուծաբանի կարծիքով՝ ընտրողների ձայների մեծամասնությունը կհավաքի ՀՀԿ-ն. «ՀՀԿ-ից հետո չեմ կարող մնացածներին դասակարգել. Հո ռամաշկա՝ «լյուբիտ-նե լյուբիտ» չե՞նք անում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ