Հայաստան. քննել տեղական հասարակական կազմակերպության նկատմամբ խմբակային հարձակումը
Իշխանությունները պետք է պաշտպանեն ազատ խոսքը՝ անվտանգ ցուցադրությունը
(Բեռլին, 2012 թ.ապրիլի 17) – Human Rights Watch-ն այսօր հայտարարել է, որ իշխանությունները պետք է անմիջապես ամբողջական հետաքննեն Հայաստանի հյուսիսային Վանաձոր քաղաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի նկատմամբ հարձակումը:
2012թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ՝ պահանջելով չեղյալ հայտարարել հաջորդ օրը չորս կարճամետրաժ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը: Ամբոխը քարեր և ձվեր է շպրտել գրասենյակի ուղղությամբ, ջարդել է գրասենյակի պատուհանները, և սպառնացել է անձնակազմին, այլ բռնություններ կիրառել, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Խումբը ցրվել է միայն այն բանից հետո, երբ ՀՔԱ ղեկավարությունը խոստացել է չցուցադրել ֆիլմերը:
«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության պատմությունը նշանակում է, որ ադրբեջանական ֆիլմը հակասական է որոշ մարդկանց համար, սակայն դա չի արդարացնում դրանց չցուցադրելը, առավել ևս սպառնալիքները կամ բռնության կիրառումը», – նշում է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի ավագ հետազոտող Գիորգի Գոգիան: «Իշխանությունները պետք է շտապ հետաքննեն միջադեպը և երաշխավորեն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անձնակազմի անվտանգությունն ու ապահովությունը»:
Կարդացեք նաև
Հայաստանը և Ադրբեջանը յոթնամյա պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղի համար, որը Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվող, հիմնականում հայերով բնակեցված, ինքնավար մարզ էր: Չնայած 1994 թ. հրադադարին, հակամարտությունը դեռ պետք է լուծվի քաղաքական ճանապարհով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համաձայնել է տրամադրել իր տարածքը վստահության ձևավորման ծրագրեր իրականացնող Խաղաղասիրական նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին, որը պլանավորել էր ադրբեջանական կինոգործիչների չորս կարճամետրաժ ֆիլմ ներկայացնել ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Տասնյակ տեղական հասարակական կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ հայտարարություն են տարածել ապրիլի 14-ին, որով կոչ են արել հանրությանը բողոքել ֆիլմերի փառատոնի դեմ և կանխել դրա անցկացումը: Փառատոնի կազմակերպիչների կողմից սա ֆիլմերը ցուցադրելու երկրորդ փորձն էր: Նրանք փորձել էին շարունակել փառատոնը ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում, սակայն չեղյալ էին հայտարարել հանրային բողոքի պատճառով:
Ապրիլի 16-ի առավոտյան մոտ 200 անձ, ներառյալ ուսանողներ, նախկին ազատամարտիկներ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հավաքվել են Վանաձորի կենտրոնում և երթով շարժվել են դեպի ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Ըստ որոշ վկաների, ցուցարարներն առաջնորդվել են Երկրապահ կամավորականների միության կողմից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փորձել է բանակցել ամբոխի հետ և թույլատրել է բողոքի ցույցի կազմակերպիչներին մտնել գրասենյակ՝ քննարկելու խմբի պահանջները: Սակայն ցույցի բազմաթիվ մասնակիցներ նույնպես ներս են մտել և սպառնացել ջարդել սարքավորումները և գույքը, եթե կազմակերպությունը չհրաժարվեր ֆիլմերը ցուցադրելուց: Դրսում հավաքված ցուցարարները բացականչել են «դավաճաններ, ամոթ և թուրքեր»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարել է, որ ֆիլմերի ցուցադրումը հետաձգվել է, սակայն ամբոխը պահանջել է այն ընդհանրապես չեղյալ հայտարարել և սկսել է ձվեր և քարեր շպրտել գրասենյակի ուղղությամբ: Նրանք ջարդել են մի քանի պատուհաններ և քարերից մեկը հարվածել է կազմակերպության աշխատակիցներից մեկին: Բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջել են, որ Սաքունցը չեղյալ հայտարարի ֆիլմերի փառատոնը, այլապես հետագա բռնության կենթարկվի: Երբ ակցիայի կազմակերպիչներն ասել են, որ այլևս չեն կարող կառավարել զայրացած ամբոխին, նա տեղի է տվել սպառնալիքներին և չեղյալ է հայտարարել ֆիլմերի ցուցադրումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակում: Կարճ ժամանակ անց ամբոխը ցրվել է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զանգահարել է ոստիկանություն, երբ ամբոխը հավաքվել է գրասենյակի մոտ, սակայն ոստիկանությունը ժամանել է միայն ակցիայի ավարտից հետո: Ականատեսի վկայությամբ, ակցիայի ընթացքում առնվազն չորս ոստիկաններ են եղել գրասենյակի մոտ, բայց նրանք չեն միջամտել՝ կանխելու հարձակումները:
Հայաստանը Եվրոպական խորհրդի անդամ է և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ, որը երաշխավորում է արտահայտման ազատության իրավունքը: Խոսքի ազատության իրավունքի պաշտպանության և հարգելու առումով՝ կառավարությունը պարտավոր է ոչ միայն հրաժարվել խոսքի գրաքննությունից, այլև միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու մարդկանց արտահայտման ազատության իրավունքը այլ անձանց կողմից խախտվելուց:
«Ադրբեջանական ֆիլմարտադրողի ֆիլմի ցուցադրության որոշումը կարող է վրդովեցնել կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում այսպիսի խմբակային բռնությունը կամ կինոփառատոնի չեղյալ հայտարարելը», – նշում է Գոգիան,- «Իշխանությունները պետք է ցույց տան իրենց պատրաստակամությունը պաշտպանելու ազատ խոսքը և երաշխավորելու անվտանգ պայմաններ՝ ֆիլմերի հետագա ցուցադրության համար»:
Ընդհանուր տեղեկություններ
«Ստոպ» կինոփառատոնը պլանավորում էր ներկայացնել ադրբեջանցի կինոգործիչների չորս կարճամետրաժ ֆիլմ.
- Վավերագրական ֆիլմ, Թայիր Ալիևի «Անապատի ծաղիկ», որը պատմում է գերմանացի կնոջ մասին, ով ամուսնացել է ադրբեջանցի տղամարդու հետ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
- Ասիֆ Ռուստամովի «Տունը», պատմվածք արժեքների բախման և բարոյական երկընտրանքի մասին, որը ներկայացնում է փնթի, երբեմն քրեական իրականությունը ժամանակակից հաջողված պատմության ետևում:
- Սամիր Քերիմօղլուի «Փայփայեք իմ թևերը», երիտասարդ աղջկա պոստմոդեռն ֆանտազիա, որի երևակայության մեջ տիրում են կինոյի հրաշքները, մինչև նրա փոքրիկ գյուղի դաժան իրականությունը խորտակում է նրա երևակայությունը:
- Թեյմուր Դաիմիի «Հովվերգությունը», էքսպերիմենտալ արվեստի փիլիսոփա, նկարիչ և կինոգործիչ, որն ուսումնասիրում է գլոբալիազացիայի հարցերը տեսաժապավենի միջոցով: