Այսօր, ապրիլի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։50-ի սահմաններում Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել և տեղում մահացել։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների օպերատիվ քննչական խմբերը։ Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով և ավագ հրահանգիչ Սամվել Ռշտունու գլխավորությամբ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպան անձը մոտ 20-22 տարեկան աղջիկ է։ Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել, թե նշված տարածքը որ վարչական շրջանի ոստիկանությանն է պատկանում։
Դեպքի վայր են հրավիրվել դատական բժիշկն ու քննիչը։ Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը։ Հայտնաբերվել է դրամապանակ և բջջային հեռախոսի կաշվե պատյան։ Ինքնասպանության վայրում հայտնաբերվել է նաև Սուսաննա Սարգսյան անուն–ազգանունով անձնագրի նկարով էջը։
Այս պահին ոստիկանության օպերատիվ քննչական խումբը փորձում է պարզել, թե արդյոք նշված անձնագրի տվյալները համապատասխանո՞ւմ են ինքնասպանություն կատարողի ինքնությանը, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ