Մանրակերտող Էդուարդ Ղազարյանն արդեն երկար տարիներ իր աշխատանքերով հիացնում և զարմացնում էր աշխարհին, ու թեպետ այդ աշխատանքերը դեռ կշարունակեն մնալ որպես գլուխգործոցներ, ավաղ, դեռ երկար ժամանակ նորերը չեն ծնվի: Միկրոքանդակագործության վարպետի աշխատանքները բացառիկ են, ստեղծված մարդկային անսահման երևակայությամբ:
Մի անգամ Էյնշտեյնի աշակերտ Ալեքսանդր Օտտոսցենը գրել է Էդուարդ Ղազարյանի շարժական քանդակների մասին. «Եթե գիտությունն այս արագությամբ զարգանա, միայն 9000 թվականին կկարողանա այս շարժումների գաղտնիքը բացահայտել բանաձևի տեսքով»: «Գուլիվերը և թզուկները», օրինակ, պատրաստված են 200 ֆիգուրներով, որոնց շարժումները յուրահատուկ են և չեն կրկնվում:
Իր հարցազրույցներից մեկում Էդուարդ Ղազարյանը պատմում էր. «Ցուցահանդեսներից մեկի ժամանակ Մոսկվա էի գնում: Ինձ հետ տանում էի Կալաշնիկովի փայտե ավտոմատը, որի վրա դրված էին աշխարհի տարբեր ժողովուրդների 40 երաժշտական գործիքներ: Ինքնաթիռը ինչ-որ խնդրի պատճառով վայրէջք կատարեց, և մենք պետք է բոլորս տեղափոխվեինք ուրիշ ինքնաթիռ: Ես տղայիս ասացի,- ավտոմատը բեր: Բոլորը մտան նստարանների տակ` մտածելով, թե պիտի կրակեմ: Բայց ես տուփից հանեցի գործիքն ու սկսեցի նվագել: Այսպես ես ամբողջ աշխարհին ցույց եմ տալիս, որ հայերը կարողացել են զենքը վերածել երաժշտական գործիքների»:
2002թ.-ին Վարպետը Լոնդոնի արվեստների ակադեմիայի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ» և չորս անգամ գրանցվել է ռուսական «ԴԻՎՈ» ռեկորդների գրքում: Ասում են` տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են ամեն ինչում: 89-ամյա արվեստագետը միլիոնից ավելի ծաղրանկարների, արկածային ժանրի մոտ 200 ստեղծագործությունների, երաժշտական գործիքների և բազում գյուտերի հեղինակ է: Դժվար է նրան բնորոշել` պարզապես ինչ-որ կոչումներ հիշատակելով. նա արվեստագետ էր, ով միակն էր աշխարհում: Միշտ ջանում էր իր արվեստի գաղտնիքները փոխանցել աշակերտներին, թոռնիկներին ու ծոռներին, սակայն գործն ավարտին հասցնել չկարողացավ:
Մեր վերջին զրույցում արվեստագետը պատմում էր. «Ամեն անգամ քնելուց առաջ թոռնիկներս ինձ նույն գիրքն են տալիս, որ կարդամ իրենց համար` «Երեք խոզուկները»… Ես լուրջ գրականություն եմ շատ սիրում, բայց ամեն անգամ նրանք կատակում ու նույն գիրքն են տալիս: Դե’, ես էլ կարդում եմ…»
(ժպտում է): Նա ընտանիքի հայր էր, բարի պապիկ, ում չարաճճի թոռնիկները շատ էին սիրում:
Լուսինե Մանուկյան
Հ.Գ. Խորին հարգանքով ցավակցությունս ենք հայտնում Էդուարդ Ղազարյանի ընտանիքին և նրա արվեստի բոլոր սիրահարներին: